Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին Սաակաշվիլիից հստակ պատասխան է պահանջում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Սահմանադրական փոփոխությունների հարցով Վրաստանի նախագահին վարչապետի հղած ուղերձը վերջնագիր է հիշեցնում։

«Վերջնագիր, վերջին զգուշացում կամ բաց նամակ»` այսպես են Թբիլիսիում բնութագրում այն ուղերձը, որով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեքշաբթի օրը դիմեց երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին` կոչ անելով չխոչընդոտել «Վրացական երազանք» դաշինքի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

«Առաջիկա երկու-երեք օրերին դուք պետք է հստակ, միանշանակ պատասխան տաք` կո՞ղմ եք, թե՞ դեմ այն նախաձեռնությանը, որի համաձայն [նախագահին] կարգելվի կառավարությանը պաշտոնանկ անել առանց խորհրդարանի համաձայնության», - նշել է Իվանիշվիլին` հավելելով. - «Սահմանադրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանի դատին կհանձնվի մինչեւ մարտ ամսվա վերջը: Այդ քվեարկությունը հստակ ջրբաժան է դառնալու: Կարող եք իմ այս հայտարարությունը վերջնագիր համարել, կամ էլ` քաղաքական մեծահոգության դրսեւորում»:

«Նա, ով կհամաձայնի այս փոփոխությունների ընդունմանը, կշարունակի ծառայել երկրին` նախկինում կատարած սխալների սրբագրման եւ ավելի լավ քաղաքական ապագայի հնարավորություն ստանալով: Ով չի համաձայնում` պատասխանատվություն է ստանձնում այն բոլոր քայլերի համար, որ իրագործել են իր զինակիցները վերջին 9 տարիներին», - թափանցիկ ակնարկ է հնչեցրել Իվանիշվիլին` հավելելով. - «Սահմանադրական այս փոփոխությունները պատմական երկընտրանքի վկայությունն են. կամ քայլ առաջ` դեպի ապագա, կամ էլ` հետ` դեպի մեր ոչ վաղ անցյալի պատմություն»:

Այս աննախադեպ կոշտ հայտարարությանը զուգահեռ, Բիձինա Իվանիշվիլին իր անձնական թիկնազորի պետ Անզոր Չուբինիձեին նշանակել է Պետական պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այս կառույցը պատասխանատու է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովման համար, այդ թվում` նախագահի։

Սրան ի պատասխան` նախագահ Սաակաշվիլին ընդհանրապես հրաժարվել է թիկնազորից:

Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձեն երեքշաբթի օրը հայտարարեց. - «Նախագահը դիմեց այս քայլին այն բանից հետո, երբ Պետական պահպանության ծառայության ղեկավարի միակողմանի փոփոխություն տեղի ունեցավ վարչապետի կողմից, որը նաեւ թիկնազորի տրամադրման հարցը սկսեց շաղկապել սահմանադրական փոփոխությունների խնդրին»։

Սաակաշվիլիի խոսնակը վստահեցրեց, սակայն, որ անգամ առանց թիկնազորի Վրաստանի նախագահը կշարունակի իրագործել իր լիազորություններն ու շփվել շարքային քաղաքացիների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG