Մատչելիության հղումներ

Lenta.ru.Ինչու ընդդիմությունը չի կարողանում վերցնել իշխանությունը


«Ցտեսություն Հեղափոխություն», - այսպես է վերնագրել ռուսական ամենաազդեցիկ համացանցային լրատվամիջոցներից մեկը` Lenta.ru-ն, Հայաստանի մասին պատմող այսօրվա ծավալուն հրապարակումը:

Ինտերնետային պարբերականի թղթակից Իլյա Ազարն արդեն մի քանի օր է ինչ Երեւանում է եւ այսօր բավական մանրամասնորեն ներկայացնում է Հայաստանում ծավալված հետընտրական զարգացումները:

«Կիրակնօրյա հանրահավաքի ժամանակ Րաֆֆին խոսեց մոտ կես ժամ` բազմաթիվ գեղեցիկ խոսքեր ասելով: Նա սակայն ժողովրդին այդպես էլ կոչ չարեց գրոհել նախագահական պալատը, որտեղ ինչպես հինգ տարի շարունակ նստած էր, այսօր էլ շարունակում է նստած մնալ Սերժ Սարգսյանը», - գրում է Ազարը, - «Րաֆֆիի ելույթը լսելու համար Օպերայի մոտ էին հավաքվել ոչ միայն նրա հավատարիմ ակտիվի անդամները, այլեւ իշխանության հանդեպ համակրանք չունեցող բազմաթիվ երեւանցիներ: Նրանց ցանկությունն էր Սարգսյանի մրցակցի վճռական քայլերի ականատեսը դառնալ: Այդ մարդիկ, սակայն, մինչեւ Հովհաննիսյանի ճառի ավարտը սկսեցին լքել հրապարակը։ Նախագահական ընտրություններում սենսացիոն 37 տոկոս ստացած Րաֆֆիի «Բարեւի հեղափոխությունից» մնաց միայն «բարեւը»։

Lenta.ru-ի թղթակիցը նշում է նաեւ, որ այսօր հարթակում կանգնած գործիչներից հրապարակում հավաքվածները առավել ջերմորեն են ընդունում Նիկոլ Փաշինյանին:

«Հենց Նիկոլ Փաշինյանն է, նույնիսկ գուցե միակը այսօր դաշտում առկա քաղաքական գործիչներից, որն ի վիճակի է մարդկանց դրդել արմատական գործողությունների: Ապշեցուցիչ է, թե որքան ավյուն եւ գործելու ձգտում կա այս ցածրահասակ տղամարդու մեջ», - նշում է ռուս լրագրողը՝ հավելելով․ - «Նիկոլը սակայն այսօր Րաֆֆի շտաբի անդամ չէ: Նախագահության նախկին թեկնածուն թերեւս հասկանում է, որ փորձառու հեղափոխական Նիկոլը եւ ընդդիմադիր մյուս գործիչները կարող են իրենից խլել առաջնորդի դափնիները, եթե նա փոքր-ինչ դանդաղի:

«Ես պայքարում եմ հանուն ժողովրդի հաղթանակի, ինձ համար որեւէ նշանակություն չունի, թե ով է հաղթել ընտրություններում, կարեւոր է, որ մարդկանց ընտրությունը իրականություն դառնա: Ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, այնպես որ ես պաշտպանում եմ ոչ այնքան Րաֆֆիին, որքան ժողովրդի քվեն», - Փաշինյանի խոսքերն է մեջբերում ռուսական լրատվամիջոցը:

Անդրադառնալով արձանագված խախտումներին` Lenta.ru-ն գրում է․ - «Նախօրեին հայաստանյան ընդդիմության տրամադրության տակ հայտնվեցին կեղծիքների մասին անկախ աղբյուրներից հայթայթված առաջին տեղեկությունները: Ռուսաստանում գործող «Գոլոս» ընկերակցության փոխնախագահ Գրիգորի Մելքոնյանցը հայտարարեց․ - «Սարգսյանի քվեներից 420 հազարը խիստ տարօրինակ են: Դա հաշվի առնելու դեպքում Սարգսյանի օգտին տրված քվեները նվազում են մինչեւ 42 տոկոս,իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները աճում են` հասնելով 51 տոկոսի»:

«Սա արդեն հաղթանակ է առաջին փուլում,որի համար արժե պայքարել: Այլ հարց է` արդյոք Հովհաննիսյանի խարիզման, ունակություններն ու վճռականությունը կբավարարեն դրա համար», - գրում է ռուսական լրատվամիջոցը` մեջբերելով նաեւ Հովհաննիսյանի շտաբի անդամների խոսքը, որոնց պնդմամբ գործող նախագահը իր քվեները հիմնականում հավաքել է այն տեղմասերուոմ որտեղ ընտրողների մասնակցության ցուցանիշը գերազանցելէ 90 տոկոսը:

«Այդ տեղամասերում նա հավաքել է քվեների 70-ից 90 տոկոսը, ինչն ակնհայտ կեղծիք է», - նշում են Հովհաննիսյանի կողմնակիցները:

Lenta.ru-ի լրագրողն իր հոդվածում պատմում է նաեւ հանրապետականների ճամբարում տիրող տրամադրությունների մասին:

«Հովհաննիսյանի այցերը մարզեր, որտեղ նրան հազարավոր մարդիկ են դիմավորում, իհարկե նյարդայնացնում է իշխանությանը: Իմ ներկայությամբ Հանրապետական կուսակցության չինովնիկներից մեկը զանգահարեց յոթ տարբեր անձանց` պարզելու համար, թե որքան մարդ է ներկա Հովհաննիսյանի` Գյումրիի հանրահավաքին», - գրում է Իլյա Ազարը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատում ոմանք շատ տխրեցին, երբ պարզ դարձավ, որ գրոհ չի լինի: Հայաստանում կարծիք կա, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որին շատերը դիվային հատկանիշներ են վերագրում, Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման չի արձակի: Իսկ մահակներով ու ջրցան մեքենաներով այս ժողովրդին չես կանգնեցնի», - Lenta.ru-ին ասել է «Ժառանգության» անդամներից մեկը:

Եզրափակելով իր հոդվածը` Lenta.ru-ի թղթակիցը գրում է․ - «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման սկզբում նրան դիմելով Սերժ Սարգսյանն ասաց` «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի»: Բարեւի տեխնոլոգիան Սարգսյանի վրա կարծես չի ազդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG