Մատչելիության հղումներ

«Գրանիշ» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամները երրորդ համարի առաջին էջում շեշտադրել են, թե «ամեն խուժանություն դեռ խուժանական չէ»:

««Խուժանական» բնորոշումը հայաստանյան արդի բանավոր լեզվում դարձել է էրոտիկի հոմանիշ փոքր-ինչ զվարթ-ամոթխած երանգով` առանձնացնելով այն սովորական «խուժան» եւ «խուժանություն» հասկացություններից, որոնք մեկնաբանվում են որպես միանշանակ բացասական բնորոշումներ», - նշված է համարի առաջաբանում:

Համարում զետեղված են շատ ուշագրավ ստեղծագործություններ` սկսած նախաքրիստոնեական «Վահանգի ծննդից» մինչեւ Գրիգոր Զոհրապի ու Դանիել Վարուժանի, ժամանակակից հայ գրողներից Լեւոն Խեչոյանի, Արամ Պաչյանի, Ներսես Աթաբեկյանի գործերը:

Ներկայացված են նաեւ արտասահմանյան գրականության նմուշներ Հենրի Միլլերի, Տոնինո Գուերայի, Սալման Ռուշդիի, Ումբերտո Էկոյի եւ այլ հանրահայտ հեղինակների ստեղծագործություններից:

«Ընդհանրապես մեր ամսագրի համար որդեգրում ենք այսպես թեմատիկ շրջանակ: Եվ հիմնականում հաշվի ենք առնում այն թեմատիկ շրջանակները, որոնք, նախ, հետաքրքրում են հասարակությանը, երկրորդ` շատ են շրջանառվում մեր գրական ընթացքի մեջ: Եվ երրորդ` ունեն ամբողջական վերլուծության կարիք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ամսագրի հիմնադիրներից Արքմենիկ Նիկողոսյանը:

Հարցին, թե ինչու «խուժանական», Նիկողոսյանը պատասխանեց. - «Որովհետեւ մենք, ցավոք, տեսանք, որ մեր հասարակության մեջ դեռեւս հաղթահարված չէ բաց գրականության տաբուն: Մեր հասարակությունը շարունակում է նույն բառով` խուժանական, անվանել ե'ւ բարձրարժեք գրական-գեղարվեստական իրացումը, ե'ւ սովորական` իսկապես «խուժանությունը»: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ամեն խուժանական դեռեւս խուժանություն չէ… Մենք փորձել ենք ցույց տալ այդ տարբերությունը», - հավելեց Նիկողոսյանը:

«Գրանիշը»-ը այնպիսի նախագիծ է, որը եկել է քանդելու բոլոր այդ թայֆայականությունները: Մեր ամսագրում տպագրվում են բոլորը, ովքեր համապատասխանում են տվյալ թեկատիկ շրջանակին: «Գրանիշ»-ի մեջ կա նաեւ համերաշխության գործոն, որը, կարծում եմ, նրա առանձնահատկությունն է»:

Անցած տարի «Արգելված գրքեր» մատենաշարով «Անտարես» հրատարակչությունը հրատարակեց Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը»` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: Վեպը, ի դեպ, Միացյալ Նահանգներում անգամ արգելված էր մինչեւ 1960-ականների կեսը:

«Թարգմանել եմ նաեւ Տոնինո Գուերայի բանաստեղծությունները, նրա յուրատեսակ կամա-սուտրան` իտալերենից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միլլերի թարգմանիչ Բոյաջյանը: - «Եվ մի մեծ հարցազրույց եմ տվել, որը վերաբերում է, թե ինչպես կարելի է հայերենում օգտագործել տաբուացված բառապաշարը… Խոսքը վերաբերում է ե'ւ գռեհկաբանություններին, ե'ւ հայհոյաբանություններին: Շատերը օգտագործում են բանավոր խոսքով, բայց երբ բանը վերաբերում է գրականությանը, համարվում է, որ դա անպատշաճ է»:
XS
SM
MD
LG