Մատչելիության հղումներ

Ադրբեջանական խնդրագրերով ԱՄՆ-ի նախագահի հայտարարություն չի լինի


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը պատասխանել է ավելի քան 100 հազար ստորագրություն հավաքած խնդրագրերին։

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարությամբ չի արձագանքի երկու խնդրագրերին, որոնք արտահայտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։

Սպիտակ տան կայքէջում տեղադրված խնդրագրերից մեկը` ավելի քան 105 հազար ստորագրությամբ, կոչ էր անում ավելի մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտությանը, որի ընթացքում, ըստ հեղինակների, «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացվել է հայկական զինված ուժերի կողմից», մյուսը` մոտ 127 հազար ստորագրությամբ, Միացյալ Նահանգների նախագահին կոչ էր անում «Խոջալուի ջարդի պատերազմական հանցագործությունը եւ դրա զոհերին հիշատակող եւ ճանաչող հայտարարությամբ հանդես գալ»։

Պաշտոնապես պատասխանելով խնդրագրերին` Սպիտակ տունը, մասնավորապես, նշել է. - «Թեեւ մենք Նախագահական հայտարարություն չենք հրապարակի, Միացյալ Նահանգները խորապես ափսոսում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմում ողբերգականորեն կորսված կյանքերի համար։ Այն մեզ հիշեցնում է, որ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, եւ որ միայն երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել տարածաշրջանին»։

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները հաստատակամորեն նվիրված է մնում խաղաղության հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելուն», - իր պատասխանը ամփոփում է Սպիտակ տունը։

Ամերիկայի հայկական կազմակերպությունները ակտիվ հակաքայլեր էին ձեռնարկել վերոհիշյալ խնդրագրերի կապակցությամբ` պնդելով, որ դրանց ետեւում կանգնած է պաշտոնական Բաքուն։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, մասնավորապես, Սպիտակ տան պաշտոնյաներից պահանջել էր հետաքննություն սկսել օտար պետության կողմից ԱՄՆ-ի նախագահի կայքի գործունեությանը փաստացի միջամտության առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG