Մատչելիության հղումներ

Դասադուլի կոչերը շարունակվում են


Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:

Ուսանողների ցույցը ԵՊՀ-ի մոտ:

Երեքշաբթի առավոտյան դասադուլի նախաձեռնությամբ հանդես եկած ուսանողները կրկին հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ` իրենց պահանջին միանալու կոչերով:

Դասադուլի նախաձեռնողները չեն ընդունում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, պահանջում են անցկացնել նոր ընտրություններ:

Ուսանողներին փորձեցին սաստել ԵՊՀ որոշ դասախոսներ` նրանց հորդորելով չխանգարել դասերին ու դուրս գալ տարածքից: Նույնպիսի հորդորներ ու կոչեր հնչեցնում էր նաեւ բուհի ուսանողների մեկ այլ խումբ:

Ցուցարարները ԵՊՀ-ից երթով շարժվեցին դեպի երեւանյան մյուս բուհերը` դրանց ուսանողներին կոչ անելով միանալ դասադուլին եւ իրենց պահանջներին:

Այդտեղ էլ կային ուսանողների խմբեր` հիմնականում ուսխորհրդի նախագահների գլխավորությամբ, որոնք պահանջում էին չխանգարել դասերին:

Ուսանողների երթի ընթացքում ոստիկանությունն ուղեկցում էր նրանց` «որպեսզի հսկի հասարակական կարգը»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոնիսյանի փոխանցմամբ, Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ինքը փորձել է պարզել, թե ինչի մասին է զրուցել ինստիտուտի պահակների հետ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Վերջինս, Իոնիսյանի պնդմամբ, հայհոյել է իրեն. - «Իր այդ բառերն ասելը, կարծես թե, տեսախցիկներն արձանագրեցին»:

Փոխգնդապետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Իրենք շատ բաներ են պնդում… Եթե արձանագրել են [տեսախցիկները], թող դնեն: Ո՞նց համոզեմ, ո՞նց ապացուցեմ, որ չկա: Ես ինձ թո՞ւյլ կտամ իր հետ հայհոյանքով խոսել»:

Դասադուլի վերջնաժամկետ նախաձեռնողները չեն սահմանել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG