Մատչելիության հղումներ

logo-print

Շահնազարյանը կոչ է անում վերսկսել Սարգսյան - Հովհաննիսյան երկխոսությունը


Դավիթ Շահնազարյան, արխիվ

Դավիթ Շահնազարյան, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարությամբ է հանդես եկել` «որպես Հայաստանի քաղաքացի» կոչ անելով Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ վերսկսել երկխոսությունը եւ «հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները, ինչի հետեւանքով հանրապետությունում բարձրացել է քաղաքացիական բողոքի մեծ ալիք: Ստեղծված իրավիճակում հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը», - հայտարարում է Շահնազարյան` հավելելով. - «Փետրվարի 21-ի նրանց հանդիպումը ցավոք ո՛չ համաձայնության հասնելու անկեղծ ձգտում էր, ո՛չ էլ երկխոսություն իր էությամբ: Այն սոսկ պահանջների եւ դիրքորոշումների երկուստեք արտահայտում էր»:

«Ծավալվող հետընտրական զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Լարվածության հետագա հնարավոր աճն ու սրացումները հղի են առճակատումների վտանգով», - ընդգծում է ՀԱԿ-ի նախկին անդամը` կարծիք հայտնելով, որ «արդյունքում իր նպատակին կարող է հասնել երրորդ կողմը, ինչպես մեկ անգամ արդեն տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում»:

«Նման աղետալի վտանգից խուսափելու, ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին քաղաքական համաձայնությունն է, որին հասնելու հնարավորությունը, կասկած չունեմ, դեռեւս սպառված չէ», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG