Մատչելիության հղումներ

«Օսկար» 2013-ի հաղթողների անունները հայտնի են


Տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Արգո»-ի ռեժիսոր Բեն Աֆլեկը ստանում է «Օսկարը», 24-ը փետրվարի, 2013

Տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Արգո»-ի ռեժիսոր Բեն Աֆլեկը ստանում է «Օսկարը», 24-ը փետրվարի, 2013

«Օսկար» 2013-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմը: Լավագույն դերասանը Դանիել Դեյ-Լուիսն է, ով խաղում է «Լինքոլն» ֆիլմում, իսկ լավագույն դերասանուհին Ջենիֆեր Լոուրենսն է «Հույսի շողերի ժողովածուն» ֆիլմում մարմնավորած դերի համար (ֆիլմի ռուսերեն թարգմանությունն ունի այլ վերնագիր՝ «Իմ սիրած տղան գիժ է»):

2012-ի կինոն ամերիկյան ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը ամփոփեց եւ գնահատեց փետրվարի 24-ին: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը ինչպես միշտ կայացավ Հոլիվուդի «Կոդակ» թատրոնում:

Գլխավոր մրցանակին արժանացած «Արգոն» մրցել է «Ազատագրված Ջանգոն», «Պիի կյանքը», «Լինքոլն», «Վայրի հարավի գազանները», «Թշվառները», «Իմ սիրած տղան գիժ է», «Խոր գիշերին» եւ «Սեր» ֆիլմերի հետ:

«Արգոյի» հաջողությունը ես կարող եմ բացատրել առաջին հերթին քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ ֆիլմը պատմում է, թե ինչպես ամերիկացիներին հաջողվեց 1979-ին Թեհրանում, երբ գրավվեց ամերիկյան դեսպանատունը, 6 դիվանագետների փախուստը կազմակերպել, մինչ մյուսները պատանդ վերցվեցին: Ֆիլմը պատմում է, թե ինչպես ամերիկյան հատուկ ծառայությունը հաջողվեց շատ սրամիտ եղանակով իր 6 քաղաքացիներին դուրս բերել հեղափոխական Թեհրանից Ամերիկայի հանդեպ ատելությամբ լցված մթնոլորտի պայմաններում», - ասում է կինոգետ Զավեն Բոյաջյանը:

«Արգո» ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիման վրա. Թոնի Մենդեսը` ֆիլմի գլխավոր հերոսն ու պատմության իրական գործող անձը քաջ է, ազնիվ ու հաջողության է հասնում ամերիկացիների համար շատ կարեւոր գործում:

«Այսպիսի հերոսները միշտ լավ են ընդունվում եւ սիրելի են դառնում ամերիկացի կինոդիտողի համար», - ասում է կինոգետը:

«Օսկար» մրցանակաբաշխությանը մի քանի անվանակարգերում ներկայացված էր նաեւ Քվենտին Տարանտինոյի վերջին՝ «Ազատագրված Ջանգոն» ֆիլմը, որը «Օսկարի» արժանացավ «Լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմը պատմում է սեւամորթ Ջանգոյի մասին, ով ազատվում է ստրկությունից ու որոշում ազատել նաեւ իր սիրելի կնոջը, ով ստրկուհի է եւ պատկանում է մի դաժան սպիտակամորթի:

«Այս ֆիլմը վեստերնի ժանրը վերակենդանացնելու հաջողված փորձ է», - կարծում է Բոյաջյանը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է դարձել «Պիի կյանքը» ֆիլմի` ծագումով թայլանդցի ռեժիսոր Էնգ Լին, ով նաեւ 2005-ին էր «Օսկարի» արժանացել երկու տղամարդկանց ռոմանտիկ հարաբերերությունների մասին պատմող աղմկահարույց «Սապատավոր լեռը» ֆիլմի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող դարձած Դանիել Դեյ Լուիսը սահմանեց ռեկորդ՝ դառնալով առաջին դերասանը, ով գլխավոր դերի համար ստանում է 3-րդ «Օսկարը»:

Ամերիկյան կինոակադեմիան լավագույն օտարալեզու ֆիլմ ճանաչեց Միքայել Հանեկեի «Սերը» ֆիլմը, որը 2012-ին ներկայացվել է նաեւ հայ հանդիսատեսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում՝ որպես փակման ֆիլմ:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Քրիստոֆ Վալցը «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում խաղացած դերի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Էն Հեթուեյն է «Թշվառները» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

«Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում հաղթեց «Սքայֆոլ» երգը, որը գրվել եւ կատարվել է համանուն ֆիլմում բրիտանացի երգչուհի Ադելի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG