Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանն ասում է` Սարգսյանն իրեն առաջարկել է գլխավորել ընդդիմության պայքարը


Անցած ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրացուցիչ մանրամասներ բացահայտեց անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումից։

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին շարունակել իր պայքարը 2017-2018 թվականներին` որպես ընդդիմության ղեկավար: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց պաշտոնական տվյալներով ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը` բացահայտելով անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

«Ոչ իր կողմից, ոչ իմ կողմից չկար պաշտոն ստանձնելու, կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ: Իր կողմից կար առաջարկ, որ որպես հանրապետության թիվ երկու քաղաքական գործիչ, որ ես մերժեցի, ասաց` դու պիտի շարունակես 2017-2018 թվականներին որպես ընդդիմության ղեկավար` տանես քո պայքարը: Ինձ պետք չէ այս 17-18-ը: 2017-18-ին հայ ժողովուրդը եւ երիտասարդ սերունդը արդեն տիրանալու է մեր սահմանադրական իրավունքին», - ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդին խիստ վրդովեցրել էր Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի ապատեղեկատվություն տալ նախագահի հետ ունեցած հանդիպման մասին, ապա իրենք կհրապարակեն մանրամասները:
Այսօր ձեռքը խփելով սեղանին` Հովհաննիսյանը պահանջեց հրապարակել ձայնագրությունը ամբողջությամբ:

«Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման ակնարկով: Ես պահանջում եմ հիմա` թող ամբողջը հրապարակեն, դավայտե, Շարմազանով, ո՞ւր է այդ ձայնագրությունը», - ասաց նա:

Իրեն ինչ-որ ձայնագրություններով սպառնալու փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց հատուկ ծառայություններին հրապարակել ինչպես հոկտեմբերի 27-ին եւ մարտի 1-ին առնչվող, այնպես էլ նախորդ բոլոր ընտրությունները կեղծելու մասին խոսակցությունները:

«Եթե դուք ունեք նժդեհական որեւէ մի հյուլե, բացեք այդ ձայնագրությունները», - ասաց նա:

Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշմանը, համաձայն որի վերջնական արդյունքներով փետրվարի 18-ին կայացած ընտրություններում նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ ԿԸՀ-ն իր «հակաօրինական որոշման համար պետք է ամենախիստ պատասխանատվությանն արժանանա, իսկ Սերժ Սարգսյանն էլ պետք է ինքնաբացարկ հայտարարի»:

Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին, մասնավորապես, Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցին` Հովհաննիսյանն ասաց, որ այսօրվանից սկսած հինգ օր ունեն բողոքարկելու «ակնհայտորեն հակաիրավական եւ հակահայկական ընտրությունների արդյունքները»: Ճիշտ է, շատերը եւ իր երիտասարդ գործընկեր Նիկոլ Փաշինյանը կարծում են, որ չարժե, դա կքննարկեն, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե պետք է հնարավորություն տալ ՍԴ-ի անդամներին մի վերջին անգամ պաշտպանել ժողովրդի իրավունքը:

«Անելու եմ ամեն ինչ, որ ժողովուրդը հուսախաբ չլինի, որ հետ չկանգնի, զադնի չտանք: Ես չեմ բացառում, որ մինչեւ մարտի 2-ը, որը վերջաժամկետն է, մենք կդիմենք Սահմանադրական դատարան», - ասաց նա:

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում խորհրդակցելով քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության անդամների հետ` կերտելու են անցումային արդարադատություն, մինչեւ երկրում հաստատվի սահմանադրական կարգ:

«Մինչեւ ՍԴ-ի որոշումը եւ դրանից հետո մենք ժողովրդին պետք է ներկայացնենք ոչ միայն այլընտրանքային գործադիր իշխանություն, այլ այլընտրանքային դատական իշխանություն, հետո օրենսդիր իշխանություն, հետո էլ նոր Սահմանադրություն: Կարծում եմ` առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ինձանից կլսեք, թե մեր ապագա կառավարության, դատական եւ օրենսդիր իշխանության ապագա մանրակերտի մասին իմ առաջարկները», - հայտարարեց նա:

Այս ամենը ներկայացնելուց հետո Հովհաննիսյանին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ընդդիմության պայքարը ղեկավարելուց բացի իրեն այլ առաջարկ չի արե՞լ, Հովհաննիսյանը ասաց. - «Սա միգուցե հարցնեք իրեն, եւ ես կրկնում եմ, որ պահանջում եմ, որ եթե սուտ խոսեց պարոն Սարգսյանը եւ սա ոչ թե երկու տղամարդու տետ ա տետ հանդիպում էր, այլ կա ձայնագրությունը, միգուցե պետական կարգը այդպես է, ես պահանջում եմ, որ դա բացահայտի, դրա պատասխանը այդտեղ կլինի: Իր կողմից այդ ընդհանրական ձեւակերպումից բացի որեւէ առաջարկ չկա»:

Հարցին` հնարավո՞ր է, որ 2017-ին եւ 2018-ին կայանալիք ընտրություններում նա շարունակի իր պայքարը` Հովհաննիսյանն պատասխանեց, թե ինքը արդեն ընտրվել է. - «Ես բացառում եմ: Ես ընտրվել եմ Հայաստանի ժողովրդի կողմից, ես հինգ տարի պետք է ծառայեմ, ես 2018 թվականին պիտի փոխանցեմ իշխանությունը նոր թեկնածուի` երիտասարդի, հուսով եմ` մի երիտասարդ կնոջ, եթե նա պատրաստ է վերցնել իշխանությունը, բայց ես չեմ լինելու 2018 թվականին»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ծանո՞թ է ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությանը եւ ինչպես է այն գնահատում, Հովհաննիսյանն ասաց, թե ողջունում է այն, միաժամանակ ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը կարող է ավելի կոնկրետ լինել:
XS
SM
MD
LG