Մատչելիության հղումներ

Փաշինյանը առաջարկում է «Նոր կառավարություն» ձեւավորել


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է ստվերային կառավարություն ձեւավորել, միաժամանակ ընդգծելով, որ ինքը հրաժարվում է Հովհաննիսյանի «Նոր կառավարությունում» որեւէ կարգավիճակից եւ ոչ մի պայմանով չի համաձայնի նման կարգավիճակի:

Այդ կառավարությունը ձեւավորումը պատգամավորն առաջարկում է ավարտին հասցնել մինչ ապրիլի 9-ը՝ հանրապետության նախագահի պաշտոնակալության օրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռեալ հաղթանակի ու փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է համարում, որպեսզի «Ժառանգության» առաջնորդը հանրահավաքային պայքարի դուրս եկած ժողովրդին «հստակ նկարագրված», «բոլորի համար տեսանելի ծրագրով» ներկայանա եւ չմտնի «իշխանության պարտադրած խաղի կանոնների մեջ». - «Իմ առաջարկը հետեւյալի մեջ է. որքանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արդարացիորեն հայտարարում է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում, իր բոլոր գործողությունները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին լինում են սովորաբար հաղթող նախագահի գործողությունները: Ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իր իշխանությունը, իր կառավարությունը ներկայացնի հանրությանը, հատ-հատ նախարարի թեկնածուներին ներկայացնի Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին, ովքեր այդ պարագայում, համոզված եմ, կլինեն հարյուր հազարներով: Կառավարության անդամների թեկնածուները Ազատության հրապարակին կներկայացնեն իրենց ծրագրերը, եւ եթե հավանության կարժանանան, Ազատության հրապարակում նրանք կհաստատվեն որպես նոր նախարարի թեկնածուներ: Եվ երբ կձեւավորվի կառավարությունը, կենտրոնական իշխանությունը, այդ իշխանությունը պետք է գնա համայնք առ համայնք, մարդիկ պետք է հավաքվեն հրապարակներում, եւ արդեն ըստ համայնքների պետք է ստանան նաեւ վստահության քվեներ»:

Հաջորդ քայլը Նիկոլ Փաշինյանը համարում է համայնքների ժողովրդի որոշմամբ համայնքային ստվերային իշխանությունների ձեւավորումը՝ «ովքեր արդեն լեգիտիմ նախագահի կողմից լիազորված կլինեն ձեռնարկել գործողություններ` քաղաքներում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ»:

«Ընդ որում, այս պարագայում նույնիսկ կարելի է մտածել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը, համաժողովրդական երդմնակալության արարողությունը կազմակերպելու վերաբերյալ». – նշեց Փաշինյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի երդմնակալության օրվա՞ն է վերաբերում, Փաշինյանը պատասխանեց. – «Մենք պետք է մոռանանք Սերժ Սարգսյանի մասին, մեզ չպետք է հետաքրքրի, թե Սերժ Սարգսյանն այդ օրն ինչ է անում, ինչ ուզում է՝ թող անի: Հաջորդ քայլն արդեն լինելու է այս իշխանական բուրգի միջազգային ճանաչումը»։

ՀԱԿ պատգամավորը հավելեց. – «Աշխարհում արդեն կան նախադեպեր, երբ ընդդիմությունը առանց որեւէ ընտրությունների պաշտոնական արդյունքների ճանաչվել է որպես լեգիտիմ իշխանություն: Դա տեղի է ունեցել Լիբիայում, օրինակ, բայց եթե դա տեղի է ունեցել արյունալի մարտերի արդյունքում, Հայաստանում կա շանս այդ ամենն անել առանց բռնությունների, օրենքների, Սահմանադրության շրջանակներում: Նախ, մենք այդ արժեհամակարգի ժողովուրդը չենք, որ իրար վրա փողոցներում կրակենք եւ դա թույլ էլ չենք տա… այսինքն` բռնությունը պետք է բացառվի ընդհանրապես, բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի ագրեսիա չկա: Երբ որ կա ժողովուրդ, որն ունի իր իշխանությունը, այն իշխանությունը մնում է համակարգից դուրս: Եթե կա ժողովուրդ հրապարակում, այդ ժողովուրդն ունի իր նախագահը, իր կառավարությունը, իր վարչապետը, ի՞նչ կարգավիճակ են ստանում էս մյուս` ձեզ հայտնի այդ իշխանությունները։ Ո՞ւմ են կառավարում նրանք եւ ինչպե՞ս: Նրանց գոյությունը դառնում է անիմաստ: Մեր պատմության մեջ նման դեպք եղել է. Իննսունականներին, հատուկ իրավիճակ, երբ կար ֆորմալ իշխանություն, եւ այդ ֆորմալ իշխանությունը ոչ մի բան չէր որոշում: Ընդամենը շենքեր էին զբաղեցնում մի քանի հատ կառավարական, բայց նրանք ոչ մի որոշում չէին կայացնում, նրանք իշխանություն չէին, եւ որեւէ բռնության կարիք չեղավ, որովհետեւ այդ իշխանությունը քայլ առ քայլ, րոպե առ րոպե դուրս մղվեց կաբինետներից: Եվ սա նույնպես տեղի կունենա հիմա»:

Նիկոլ Փաշինյանը, ով Ազատության հրապարակում ակտիվորեն մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին եւ ի սկզբանե իրեն դուրս է դնում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր ստվերային կամ ոչ ստվերային ցանկացած կառավարության կազմից, համոզված է, որ Հովհաննիսյանն ունի բավարար ռեսուրսներ նոր կառավարություն ձեւավորելու համար. – «Չի կարող լինել ավելի մեծ ռեսուրս, քան հաղթանակը Հայաստանի 10-ը մարզկենտրոններից 7-ում, 540 հազար ձայն պաշտոնական արդյունքներով»:

Իսկ այսօր ելքը ընտրությունների արդյունքները վիճարկելու մեջ տեսնելը Փաշինյանը հաղթած թեկնածուին հատուկ գործողություն չի համարում. – «Այո, մենք այսօր կարող ենք ասել ` մենք գնում ենք, պայքարում ենք Սահմանադրական դատարանում, ներկայացնում ենք ապացույցներ, ընդ որում Սահմանադրական դատարանը կընդունի այդ ապացույցները, կճանաչի, բայց կասի` «բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Հաջորդ պահին արդեն միջազգային հանրությունը կոչ կանի ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, մարդիկ կասեն` ինչ եք ուզում, Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել։ Սա ես ասում եմ, որպես 2003, 2008 թվականի պրոցեսների մասնակից, եւ այդ փորձը, եթե չօգտագործվի այս պրոցեսի ժամանակ, վախենամ, թե մենք էլի լուրջ բարդություններ կունենանք:

Հավելենք, որ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը դեռ չեն քննարկել եւ դրա վերաբերյալ որեւէ դիրքորոշում կարող են հայտնել միայն քննարկումներց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG