Մատչելիության հղումներ

Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի միջոցառումներ տարբեր երկրներում


Երեկ Փարիզի Հայ Առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Ղարաբաղյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ:

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել հիշատակի երթ դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց ծաղկեպսակներ են զետեղվել` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին:

Միաժամանակ, զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների Հայ Առաքելական եկեղեցիներում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ ծաղկեպսակ է զետեղվել:

Միջոցառմանը մասնակցել են շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։

Փետրվարի 22-ին էլ Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է տեղի ունեցել Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը եւ ԱՄԷ ազգային վարչությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG