Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ՀՀԿ-ում վերջին ճշմարտություն չեն համարում


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Շարմազանովը նաեւ հայտարարում է, որ Հովհաննիսյանը բացահայտել է Սարգսյանի հետ զրույցի մի մասը։

«Հայոց համազգային շարժում» կուսակցության համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի համարում վերջին ճշմարտություն` վկայակոչելով միջազգային դիտորդների գնահատականները ընտրության վերաբերյալ։

«Անկախ նրանից` Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ հայտարարություն կանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը չի կարող ինձ համար եւ առհասարակ հասարակության համար լինել վերջին ճշմարտությունը, որովհետեւ ճշմարտությունը ընտրությունների վերաբերյալ մեկն է, որը գրանցել են միջազգային դիտորդները. Սերժ Սարգսյանը վերընտրված նախագահ է, եւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը։

Հայոց համազգային շարժման` անցած շաբաթավերջին կայացած արտահերթ համագումարի ժամանակ անդրադառնալով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է. - «Արդյունքները ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ես ոչ մի կասկած չունեմ»։

Առաջին նախագահը խոսել է նաեւ միավորման հավանականության մասին` նշելով, թե հետեւելու է շարժմանը։ «Եվ երբ տեսնենք գործը` կգնահատենք, եւ եթե գտնենք, որ պետք է միանալ` կմիանանք», - ասել է Տեր-Պետրոսյանը։

Այս առնչությամբ Շարմազանովը իր դիտարկումն է անում` խորհուրդ տալով պայքարել սահմանադրական ճանապարհով։

«Միանան-չմիանան, այստեղ սահմանադրական պայքարի մի ճանապարհ կա` պայքարեն Սահմանադրության շրջանակներում, Ազգային ժողովում։ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունի մեծամասնություն, թող պայքարեն։ Շուտով լինելու է Երեւանի ավագանու ընտրություններ` թող Տեր-Պետրոսյանը մասնակցի. թող իրենք որոշեն` միասին են մասնակցում, առանձին են մասնակցում` դա իրենց որոշելու խնդիրն է», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. - «Բայց թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ հանկարծ կարելի է Սահմանադրությունը տրորել կամ օրենսդրությունը` դա իրենց որեւէ մեկին թույլ չի տա»։

«Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին է պաշտպանում կամ չի պաշտպանում` դա արդեն իրենց պրոբլեմն է, ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանի էլեկտորատը կամ ՀԱԿ-ի էլեկտորատը այդպես շատ մեծ է եղել. մեծ լիներ` իրենք կառաջադրվեին», - հավելեց Շարմազանովը։

Նա անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին` նշելով, թե եթե նրանք այդպես շարունակեն, ապա իրենք կհրապարակեն երկրի նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի ու «Ժառանգության» ղեկավարի զրույցի մանրամասները ամբողջությամբ։

Խոսքը վերաբերում է անցած շաբաթ նախագահական նստավայրում Սարգսյանի ու Հովհաննիսյանի առանձնազրույցին։ Հովհաննիսյանը զրույցից հետո հայտարարել էր, թե հաջորդ օրը կայանալիք հանրահավաքին կներկայացնի դրա մանրամասները, եւ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ փոխանցեց, որ, ըստ էության, Սերժ Սարգսյանը մերժել է իր բոլոր առաջարկները։

Էդուարդ Շարմազանովը այդ առնչությամբ հայտարարեց. - «Պարզապես ասեմ` եթե այդպես շարունակեն մեր գործընկերները, մենք ոչ թե ստիպված կլինենք` հնարավոր կլինի նաեւ մենք էլ ներկայացնենք մեր ձեռքի տակ ունեցած տվյալները։ Որովհետեւ ինքը բացահայտել է միայն զրույցի մի մասը, իսկ այդ զրույցը տեւել է մեկ ժամից ավել»։
XS
SM
MD
LG