Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հրապարակում է ընտրությունների արդյունքներ, արխիվ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հրապարակում է ընտրությունների արդյունքներ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից, ըստ «Ժառանգության» վարչության փոխնախագահի, «շատ բան է կախված»։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկուշաբթի օրը կհրապարակի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները։

Անցած շաբաթ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` ընտրություններում հաղթել է գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58.64 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ նախնական արդյունքների ստացել է քվեների 36.75 տոկոսը։ Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին, մասնավորապես` երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների մոտ 2 տոկոսը։

ԿԸՀ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60.5 տոկոսը կամ 1 միլիոն 518 հազար 407 մարդ։

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, ինչպես նաեւ ընդդիմադիր մյուս ուժերը համոզված են, որ ընտրությունները կեղծված են, եւ Հովհաննիսյանն է Հայաստանի ընտրված նախագահը։ Կեղծված ընտրությունների դեմ բողոքի ցույցերը չեն դադարում։

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ԿԸՀ-ի այսօրվա որոշումից շատ բան է կախված։

«Ես ոչ մի կոչ չեմ անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Կենտրոնական հանձնաժողովի անդամները բոլորը գրագետ անձնավորություններ են, իրենք պետք է արդեն իրենց խղճի, իրենց մտքի, ազնվության, օրենքի շրջանակներում որոշում կայացնեն», - ասաց Մարտիրոսյանը` շարունակելով. - «Իրենք ունեն բոլոր լիազորությունները, որպեսզի այն տեղամասերում, որոնց մասին կասկածում է ընդդիմությունը, կարողանան այդ տեղամասերը նորից նայեն` ե՛ւ ցուցակներ, եւ այլն, եւ այլն։ Այդ լիազորությունները իրենց վրա դրված են, արդեն իրենցից է կախված»։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե ԿԸՀ-ի անդամները «մի փոքր արդարությանը հետեւեն, օրենքի տառին հետեւեն», բնականաբար, հանձնաժողովը չպետք է վավերացնի նախնական արդյունքները։

«Փաստորեն, հանրահավաքային պայքարը շարունակվում է։ Դուք ի՞նչ ելք եք կանխատեսում։ Հանրապետականները ասում են, որ այս իրավիճակում երեւի թե երկխոսությունը լավագույն ելքն է», - այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. - «Երկխոսությունը, ճիշտ են ասում, լավագույն ելքն է, բայց երկխոսությունը պետք է ինչ-որ առարկայական արդյունք ունենա, իսկ առարկայական արդյունքը, կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը արդեն ներկայացրել է` չորս տարբերակ, որոնք իսկապես կարող են իրավիճակ փոխել»։

«Որոնցից ոչ մեկը ընդունելի չէր, համենայն դեպս, Սերժ Սարգսյանի համար», - այս դիտարկմանն էլ «Ժառանգության» վարչության փոխնախագահը արձագանքեց. - «Եթե իրենք երկխոսության կողմնակից են, ապա, բնականաբար, այդ չորս տարբերակից որեւէ մեկը կընտրեին։ Որովհետեւ չի կարող նմանատիպ իրավիճակ լինել, եւ այդ իրավիճակը որոշակի հանգուցալուծում չունենա»։

«Խնդրի լուծումը իսկապես արմատական քայլեր իրականացնելն է։ Դուք ինքներդ տեսաք` պարոն Հովհաննիսյանը եւս պատրաստ է երկխոսության եւ հենց ինքը գնաց երորրդ նախագահի մոտ եւ փորձեց առաջարկներ անել խնդրի լուծման համար։ Հիմա մնացածը, ինչպես ասում են, իրենց որոշելիքն է», - ասաց Արմեն Մարտիրոսյանը։

«Այնուհանդերձ, դուք դեռ հույս ունե՞ք, որ Սերժ Սարգսյանը կարող է ընդունել այդ չորս առաջարկներից մեկը», - այս հարցին էլ «Ժառանգության» վարչության փոխնախագահը պատասխանեց. - «Ես, համենայն դեպս, հույս ունեմ։ Ես տեսնում եմ, որ այս տարիների ընթացքում իր [Սերժ Սարգսյանի] քաղաքական գործելաոճը նման չի եղել երկրորդ նախագահի կացնային քաղաքականությանը, եւ հույս ունեմ, որ ինքը ինչ-որ մի պահի, պատկերացնելով, թե ինչ է կատարվում, գնա այդ քայլերին»։

Իշխող Հանրապետական կուսակցությունը, մինչդեռ, չի համարում, որ Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ եւ կարիք ունի ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից որեւէ մեկը։

Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «աբսուրդ» որակեց ընդդիմադիր թեկնածուի եւ նրա շտաբի պնդումները։

«Աբսուրդ, աբսուրդ բան է։ Այդպես չի լինում, որ մեկը հաղթի, հետո ասի` «ես չեմ հաղթել, դու արի»։ Ինքնագործունեությունը, ինքնակոչությունը տրամաբանորեն քաղաքակրթության պակաս է», - հայտարարեց Սահակյանը։

«Դուք ինքնակոչություն եք համարում հաղթելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի պնդումները», - այս դիտարկմանը իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Այդպես յուրաքանչյուրն էլ կարող է ասել` դա լուրջ տրամաբանության արդյունք կարո՞ղ եք համարել. որեւէ մեկը հաղթել է, եւ հիմա ասում են, որ «գիտես ինչ, արի բարիշենք` ե՛ս հիմա էլ հաղթեմ»։ Անմիտ, դատարկ պրոցես է, էլի, բնութագրելու, քաղաքական մի բան չի, որ բնութագրեմ»։

«Այսինքն, համաձայն չեք, որ կեղծիքներ են եղել», - սրան ի պատասխան էլ Սահակյանը հայտարարեց. - «Նույնիսկ վստահված անձինք չեն ունեցել, որ ասեն` կեղծիքներ են արել։ Սովորական սցենար է Հայաստանի համար։ Յուրաքանչյուրն էլ կարող է ասել, որ կեղծիքներ են եղել, անիմաստ։ Պարզապես ձայն չենք հանում, որովհետեւ մեր ժողովուրդն են, կարող են եւ նաեւ մոլորյալ էլ լինեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG