Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց առաջ լավ մտածել: Ընտրական օրենսգրքի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամենաուշը վաղը պետք է հրապարակի այդ արդյունքները:

«Սա Հայաստանի իշխանությունների եւ այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է», - այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը. - «Լավ թող մտածեն՝ օրենքով, իրավունքով, ժողովրդով եւ համեստությամբ։ Ոչ մեկը ավելի բարձր չէ, քան Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին»։

Վաղը հանձնաժողովի նիստից մեկ ժամ անց Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիս կհրավիրի, որտեղ կգնահատի հրապարակված արդյունքները: Ապա, հաջորդ օրվանից, Հովհաննիսյանը կվերսկսի իր մարզային այցելությունները բավական լայն աշխարհագրությամբ։ Փետրվարի 26-ին Հովհաննիսյանը կլինի Արմավիրում, Մեծամորում, Էջմիածնում, կայցելի, ինչպես ինքը ձեւակերպեց՝ կեղծիքների կենտրոն Մասիս, պատժի կենտրոն Արտաշատ։ Այցեր են նախատեսվում Արարատ, Սուրենավան, Արենի, Եղեգնաձոր եւ Վայք: Փետրվարի 27-ին նախագահի նախկին թեկնածուն ուղեվորվելու է Հայաստանի հարավ` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Ղափան, Գորիս, Սիսիան:

«Սյունիքի մարզպետին մեր հաղթանակն ենք տանելու», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Փետրվարի 28-ին ընդդիմադիր գործիչը այցելելու է Չարենցավան, Բյուրաեղավան, Նոր Հաճըն, Աբովյան, եւ նույն օրն ավելի ուշ Երեւանի Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք, որն արդեն արտոնված է քաղաքապետարանի կողմից:

«Սրանից հետո ոչ մի զադնի, սա ոչ թե արյան ու չարության, այլ իրավունքի, ժպիտի ու բարեւի հեղափոխությունն է», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այսօրվա հանրահավաքը արտոնված չէր, «Ժառանգության» առաջնորդը նախապես պայմանավորվել էր ոստիկանության հետ, որ միայն ինքը ելույթ կունենա եւ միջոցառումը կավարտվի:

«Ազատության հրապարակն այլեւս կուսակցություն չի ճանաչում», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` վստահեցնելով, թե այստեղ են տարբեր կուսակցություններին` անգամ հանրապետականին ձայն տված քաղաքացիները։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, սկսվել է մի մեծ գործընթաց, Ազատության հրապարակ տարբեր հոսանքներ են մուտք գործում` քաղաքականից մինչեւ քաղաքացիական: Ըստ Հովհաննիսյանի սա մի հզոր, պատմական ջրհեղեղ է, որի ալիքի տակ խեղդվելու է ստրկամտությունը` տանելով գողերին, հանցագործներին, կեղծարարներին եւ թողնելով նոր Հայաստանի հովիտը։

«Լուրերը գալիս են․ մեր պայքարի առաջին արձագանքները, ճեղքերը, սպասելի հետեւանքները․․․ Շիրակի մարզպետը արդեն հրաժարական է տվել, Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել, հրաժարական է տալու նաեւ Վանաձորի քաղաքապետը եւ մեկ առ մեկ Տավուշից մինչեւ Սյունիք ժողովրդին հրաժարական են ներկայացնելու մարզպետները, գյուղապետերը, քաղաքապետրը», - հայտարարեց նա։

«Սա ոչ Օսմանյան կայսրությունն է, ոչ էլ Սովետական Հայաստանը, այդ փոքր մարդիկ ընկնելու են իրենց աթոռներից եւ գահ է բարձրանալու ժողովուրդը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ամփոփելով իր երեկվա մարզային հանդիպումները Հովհաննիսյանն ասաց, թե Ժողովուրդն այլեւս չի վախենում, չի ճանաչում կաբինետներից հրահանգողներին եւ հասկացել է, որ՝ «այսուհետեւ մենք ենք Հայաստանի իշխանությունը»:

Ազատության հրապարակից Րաֆֆի Հովաննիսյանը համակիրների ուղեկցությամբ գնաց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Հավելենք, որ նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել նախագահի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից ֆիզիկապես հրապարակում է, թե ոչ, հոգով, սրտով այդ ժողովրդի հետ եւ խոստանալով արդեն այսօր գալ Ազատության հրապարակ:

«Ազատության հրապարակը լիքն է։ Պահն է, որ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները հասկանան. դա նաեւ իրենց ժողովուրդն է։ Հասկանան ու գան հրապարակ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր Հրանտ Բագրատյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG