Մատչելիության հղումներ

Հանրապետականի համար «ընկալելի են» հանրահավաքները եւ ինքնաբուխ հավաքները


Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Երեւան, 24-ը փետրվարի, 2013թ.
Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Երեւան, 24-ը փետրվարի, 2013թ.

Իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը կարծում է, որ «ելքը երկխոսությունն է»։

«Մեր համար ընկալելի է, մենք ընդունում ենք ե՛ւ հանրահավաքները, ե՛ւ ինքնաբուխ հավաքները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղարը։

«Այնքան ժամանակ է դեռեւս մեր համար ընկալելի կամ հասկանալի, քանի դեռ դա օրենքի սահմաններում է», - ասաց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը՝ մեկնաբանելով հետընտրական զարգացումները Հայաստանում, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական նախնական արդյունքների երկրորդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մայրաքաղաք Երեւանում եւ երկրի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքները։

«Երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր մարզերով, այսպես ասած՝ հանրահավաքային տրամադրություն էր փորձում ստեղծել մարզերում, մենք տեսանք, որ մի շարք քաղաքներում, հատկապես՝ Սպիտակում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, ոստիկանությունը հայտարարում էր, որ սա արտոնված հանրահավաք չէ։ Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ ոստիկանությունը դեռեւս ձեռնպահ է մնում որոշակի գործողություններ կատարելուց, եւ մասնակիցների անվտանգությունը եւ գործողությունների պատասխանատվությունը իր բոլոր հետեւանքներով ընկնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր թիմակիցների վրա, ովքեր հրավիրում են այդ հանրահավաքները», - նշեց Սահակյանը՝ հավելելով. - «Չկան արտոնյալներ»։

«Դուք ի՞նչ ելք եք տեսնում, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը, հնարավո՞ր է՝ երկխոսության միջոցով», - այս հարցին հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Իհարկե, ես կարծում եմ, որ ելքը երկխոսությունն է»։

Երկրի նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու հնարավորության վերաբերյալ էլ Սահակյանը ասաց. - «Ես չեմ կարող նախագահի փոխարեն գործողությունները պլանավորել կամ ասել՝ հնարավոր է, թե՝ ոչ, մենք ոչինչ չենք բացառում»։

«Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը տեղեկացրեց, թե կոնկրետ ինքը ինչ է առաջարկել գործող նախագահ Սարգսյանին, մասնավորապես՝ անցկացնել նոր ընտրություններ կամ պարզապես ընդունել ժողովրդի հաղթանակը եւ իշխանությունը փոխանցել ժողովրդին, որոնք Սերժ Սարգսյանը մերժել է։ Մինչդեռ առայժմ հայտնի չէ, թե ինչ է Սերժ Սարգսյանը առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Սերժ Սարգսյանը չի նշում, թե ինչ է կոնկրետ առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Կարո՞ղ եք պարզաբանել», - այս հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց. - «Որովհետեւ մենք ունենք որոշակի պայմանավորվածություն, այսինքն՝ իրենք՝ երկու տղամարդ, նստեցին սեղանի շուրջ, աչքերի մեջ նայելով նշեցին, որ «մենք լրատվամիջոցների ներկայությամբ չխոսենք»։ Եվ դրանից հետո եթե ինքը հայտնում է ժողովրդին՝ ինչ են խոսել, ասում է, սա իր խնդիրն է։ Եթե մենք զգանք եւ տեսնենք, որ խեղաթյուրվում է տեղեկատվությունը, միգուցե այդ ժամանակ հայտարարություն անենք, այնուհետեւ՝ նաեւ որոշակի քայլեր ձեռնարկենք»։

Հարցին էլ՝ «այն, ինչ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, խեղաթյուրվե՞լ է», հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Ես ներկա չեմ եղել եւ չեմ տիրապետում այնտեղ տեղի ունեցած խոսակցության մանրամասներին։ Եթե դրա անհրաժեշտությունը մենք զգանք, որ կա, որ ժողովրդին ապատեղեկատվություն է տարածվում, միգուցե նաեւ հայտարարություն տարածենք եւ ասենք բանակցությունների արդյունքները»։

Ի պատասխան հարցի՝ չի՞ մտահոգում արդյոք մթնոլորտի շիկացումը Հանրապետականին, եւ հիշեցման, որ շիկացող մթնոլորտի մասին նախօրեին խոսել էր նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով կոչ էր արել Սերժ Սարգսյանին գնալ հրապարակ, խոսել ժողովրդի հետ եւ նշել էր, որ դեռեւս ուշ չէ, եւ կարելի է այս իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել, Հովհաննես Սահակյանը հայտարարեց. - «Մենք պատրաստ ենք քննարկելու առողջ տրամաբանության մեջ ե՛ւ հայտարարությունները, ե՛ւ պնդումները։ Այն, որ ընտրությունները անցել են թափանցիկ եւ ժողովրդավարական՝ որեւիցե մեկը չի կասկածում, եւ այն խախտումները, որոնք առկա են եղել, այդ ընտրախախտումները էականորեն չեն ազդում ընտրական պրոցեսի վրա եւ ընտրությունների արդյունքների, եւ ոչ միայն էականորեն՝ շատ նվազ տոկոս է։ Եվ կարծում եմ, նաեւ մեր ընդդիմադիրները պետք է իրենց մեջ ուժ գտնեն, գլխապտույտի մեջ չընկնեն իրենց 6 տոկոսից հետո 37 տոկոս ձայն հավաքելու պարագայում եւ հաղթող թեկնածուին շնորհավորեն»։

«Մենք ընդամենը ուզում ենք ասել, որ եթե գործողություն ենք կատարում՝ կատարենք միայն օրենքի շրջանակներում, որովհետեւ մենք չենք ուզում, նորից եմ շեշտում, որպեսզի այս հանրահավաքները ունենան հետեւանքներ, որոնք լինեն անդառնալի», - հավելեց հանրապետական պատգամավորը։

«Իշխանությունը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դրանք չլինեն անդառնալի», - այս դիտարկմանը նա արձագանքեց. - «Ես նշեցի, որ իշխանությունը այսօր գնում է ընդառաջ, դեռեւս որեւէ բիրտ ուժ չի կիրառում, թեպետ դրա իրավունքը ունի, շեշտում եմ»։

«Այն քաղաքներում, մարզերում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին, կարծես թե հետեւում են հրաժարականներ. հրաժարական տվեց Շիրակի մարզպետը, արդեն իսկ խոսվում է Վանաձորի քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին, ի դեպ՝ նրա հարցը պետք է Հանրապետականը իր նիստին քննարկի. տեղյակ եք երեւի, որ նա, ըստ էության, վիրավորել էր ընտրողներին՝ ասելով, որ նրանք, ովքեր քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, անգիտակից մարդիկ են։ Արդյո՞ք Հանրապետականը պատժում է իր քաղաքապետներին, մարզպետներին՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը չապահովելու համար», - այս հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց. - «Պատժելու որեւէ խնդիր չկա։ Ես հարգում եմ Շիրակի մարզպետի որոշումը՝ անկեղծ, որովհետեւ, լինելով Սպիտակի բնակիչ, այս սոցիալական, տնտեսական բարձր ճգնաժամի, խորը ճգնաժամի պայմաններում երկրի նախագահը այդքան մեծ ներդրումներ անելով երկու բնակավայրերում, որոնք աղետի գոտի են, եւ, ըստ էության, մարզպետը, գնահատելով իր աշխատանքը, որ այսքան աշխատանք է կատարել եւ չի գնահատվել, ինքը անելիք չունի, նաեւ իր խոսքի մեջ է դա։ Եվ այնքան բարոյական անձնավորություն է եւ հրաժարական տվեց, եւ այստեղ ես ե՛ւ ողջունում եմ, ե՛ւ գտնում եմ, որ բարոյական քայլ կատարեց»։

Դիտարկմանն էլ, որ «աշխատանքը հաղթանակ ապահովելը չէ, ըստ էության», Հանրապետական խմբակցության քարտուղարը հակադարձեց. - «Գիտեք ինչ, քաղաքական թիմի մասին է խոսքը։ Եթե ես պատգամավոր եմ՝ Հանրապետական կուսակցության անդամ եմ, քաղաքական թիմի միակ նպատակը այն է, որ գա իշխանության եւ իր ծրագրերը իրականացնի։ Եվ եթե մենք չպետք է այնպես անենք, այնպես աշխատենք, որ ժողովուրդը դրական գնահատական չտա, եւ մենք չգանք իշխանության, կարծում եմ, մենք ինչ-որ տեղ թերացել ենք, մենք ինչ-որ տեղ մեր աշխատանքը լավ չենք կատարել»։

«Հաշվի առնելով դա՝ հնարավո՞ր են նոր հրաժարականներ», - այս հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց. - «Ես ոչինչ չեմ բացառում, ես կարծում եմ նաեւ, որ կլինեն էլի պարոն Գիզիրյանի պես անձնավորություններ, ովքեր վեր կկանգնեն իրենց աթոռից, պաշտոնից եւ որտեղ կան որոշակի խնդիրներ՝ նաեւ որոշակի քայլեր կկատարեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG