Մատչելիության հղումներ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ` փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արդյունքները ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես ոչ մի կասկած չունեմ», - շաբաթ օրը ՀՀՇ համագումարի ամբիոնից հայտարարեց նորանկախ Հայաստանի առաջին նախագահը:

Խոսելով Ազատության հրապարակում գումարվող հանրահավաքների մասին` Տեր-Պետրոսյանն ասաց. - «Առայժմ ես տեսնում եմ միայն ժողովրդի գործը: Ժողովուրդը ընդվզել է: Ինչպես դրանից առաջ ընդվզում էր բոլոր կեղծված ընտրությունների ժամանակ: Այս անարդարության դեմ ոտքի են կանգնել վճռական` չընդունելով այդ ընտրությունների արդյունքերը»:

Նրա խոսքով, սակայն, եթե ինքը 2008-ին ուներ գործողությունների ծրագիր, որի իրականացմանը խանգարեց Մարտի 1-ը, ապա այսօր կոնկրետ գործողությունների ծրագիր չի տեսնում. - «Տեսնում եմ խոսքերը, տեսնում են ճառերը, բայց գործողություն, գործողությունների ծրագիր, չկա»:

Տեր-Պետրոսյանը հավելեց, որ այս օրերին հանրահավաքներին մասնակցող մարդկանց կեսից ավելին Կոնգրեսի մարդիկ են, նրանք, ովքեր 2008 թվականին մասնակցում էին իր կազմակերպած հանրահավաքներին:

ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ որոշեց միանալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ ՀՀՇ կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:

«Նոր համախոհներով նոր կառույցն ավելի արդյունավետ կլինի», - հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` փաստարկելով, որ երիտասարդների շրջանում նոր կուսակցությանն անդամագրվելու «ոգեւորություն» է նկատվում:

«Այս քայլի արդյունքում Հայոց համազգային շարժում կուսակցությունը չի լուծարվում: Ստեղծված նոր կառույցը լինելու է նաեւ ՀՀՇ-ի իրավահաջորդը», - հայտարարեց Մանուկյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG