Մատչելիության հղումներ

Աշտարակի կենտրոնական հրապարակում այսօր հանրահավաք անցկացրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոհվաննիսյանը:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վիճարկող թեկնածուի հետ հանդիպումը, չնայած հրապարակում այսօր կայանված ավտոմեքենաների մեծ թվին ու փողոցի երթեւեկելի մասն ազատելու իրավապահների կոչերին, մարդաշատ էր:

«Մենք եկել ենք այսօր մեր քաղաք, մեր մարզ ու մեր հանրապետություն` ասելու համար «Բարեւ», - հավաքվածներին ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Այլեւս երբեք ոչ մեկը ձեր իրավունքների, ձեր ձայնի, սահմանադրական ձեր տիրության հետ խաղ չի տալու»:

Թեկնածուն աշտարակցիներին շնորհակություն հայտնեց իրեն վստահելու համար: Նրա խոսքով` այդ վստահությունն էր, որ իրեն այս շարժումը սկսելու համար ուժ տվեց. - «Մի ամիս առաջ ասում էին` կանխորոշված է, արդեն որոշվել է, ժողովուրդը ունակ չէ, ժողովուրդը վախի մեջ է, ժողովուրդը ստրուկ է: Իսկ ժողովուրդը ցույց տվեց, որ իր հայրենիքում ինքը վախկոտ չէ, ինքը ստրուկ չէ, ինքը տեր է մեր երկրին»:

«Աշտարակը, մարզը, Արագած լեռը, որը նույնքան սրբություն ունի, որքան Արարատը, պիտի դուրս բերենք վախից ու անարդարությունից: Եվ հինգ տարի անց դուք պիտի տեսնեք, որ այս քաղաքի, մեր քաղաքի, մեր գյուղերի տները պիտի լուսավորվեն վերադարձով խոպանից, Ռուսաստանից, Ամերիկայից», - խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ելույթից հետո «Ժառանգության» առաջնորդը կատարեց իր ավանդական դարձած շրջայցը քաղաքով` բարեւելով մարդկանց:

«Ազատություն» ռադիոկայանի` ապագա ծրագրերի մասին հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ապագա ծրագրերը ժողովուրդն է որոշելու: Այսօր Աշտարակով սկսեցինք, Ապարան, Սպիտակ, Վանաձոր, Գյումրի… Վաղը ժամը երեքին Ազատության հրապարակ: Եվ դրանից հետո արդեն կորոշենք: Ծրագիրը կա, հաղթանակը արդեն մեր ձեռքն է: Պիտի հետեւողական պայքարով չնահանջենք, եւ միասին այդ հաղթանակը պիտի բերենք»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG