Մատչելիության հղումներ

Թուրքիան առաջարկել է Հայաստանին մասնակցել Եվրոպան Ասիային կապող տարածաշրջանային համալիր տրանսպորտային ծրագրին` եթե «կոնկրետ զարգացումներ լինեն ղարաբաղյան հարցը լուծելու ուղղությամբ, որոնք կբխեն Կովկասի բոլոր երկրների շահերից»:

Առաջարկի մասին այսօր հաղորդել է թուրքական «Հուրիեթ»-ը` հղում անելով Թուրքիայի դիվանագիտական անանուն աղբյուրներին:

«Մենք փորձում ենք ակտիվացնել Մինսկի խումբը` ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, եւ 2012 թվականի նոյեմբերին «Միացյալ տրանսպորտային միջանցքներ» ծրագիր ենք ներկայացրել Մինսկի խմբին, որը պետք է իրականացվի խաղաղ ժամանակներում, մասնավորապես` երբ Հայաստանը առաջ կգնա գրավված յոթ շրջանները ազատելու հարցում», - «Հյուրիեթ»-ին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:

Աղբյուրը նաեւ նշել է, որ այս ծրագիրը ներկայացվել է 2012-ի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները, եւ բոլորն էլ դրական արձագանք են տվել:

«Մենք ընդգծեցինք, որ այս ծրագրի նպատակն է խաղաղության հեռանկար ստեղծել, որից կշահեն բոլոր կողմերը», - ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Թերթը նաեւ ծրագրի որոշ մանրամասներ է ներկայացնում: Ըստ այդմ` այն ունի երկու փուլ. մեկով նախատեսվում է միմյանց կապել Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը` կարգի բերելով չօգտագործվող երկաթգծերն ու կառուցելով նորերը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից բացի, որի շինարարության ավարտը ակնկալվում է այս տարեվերջին, կարող է բացվել նաեւ հայ-թուրքական երկաթգիծը` վերականգնողական ոչ մեծ աշխատանքներից հետո: Դրան զուգահեռ նախատեսվում է նաեւ մի նոր, ժամանակակից մայրուղի կառուցել, որն է'լ ավելի կաշխուժացնի առեւտուրը եւ մարդկանց տեղաշարժը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվոմ է կապել տարածաշրջանի երկրները Եվրոպայի եւ Ասիայի հետ. «Մարմարի» ծրագրի շահագործումից հետո հնարավոր կդառնա տրանպորտային կապը Լոնդոնի եւ Պեկինի միջեւ, եւ, երբ կարգավորվի տարածաշրջանի քաղաքական դրությունը, Հայաստանը եւս կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով միանալ դեպի Եվրոպա եւ Ասիա ձգվող ճանապարհներին:

Թուրքական դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Անկարան այս ծրագրի մասին տեղյակ է պահել նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը` ընդգծելով, որ դրա իրագործումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, թուրքական կողմը նշում է, որ Հայաստանը սառն է վերաբերվել այս նածագծին, եւ որեւէ պաշտոնական արձագանք չի փոխանցել Մինսկի խմբի միջոցով: Թուրքական դիվանագիտական աղբյուրը միաժամանակ նշել է, որ վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո Անկարան Հայաստանի` Ղարաբաղի շուրջ քաղաքականության մեջ արագ փոփոխություն չի ակնկալում:

«Մենք չենք սպասում նրանց քաղաքականության մեջ էական փոփոխություն մինչեւ 2015 թվականը», - ասել է աղբյուրը` առանց հավելյալ մանրամասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG