Մատչելիության հղումներ

logo-print
Ավտոմեքենայի մաքսազերծման գործով հայցվոր Սերգեյ Գրիգորյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վարչական դատարանի այսօրվա՝ եզրափակիչ դատական նիստում պնդեց, որ մաքսայինի գործողությունների հետեւանքով խախտվել է, ըստ օրենքի՝ հիմնական մեթոդով գույքը մաքսազերծելու օրենսդրական նորմը:

Վահե Գրիգորյանի վստահորդը՝ Սերգեյ Գրիգորյանը, ով իրավաբանականի ուսանող է, 2012 թվականի մայիսին 10 հազար դոլարով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է գնել Ճապոնիայում: Կա հաշիվ-ապրանքագիրը, ավտոմեքենան ձեռքբերման վայրից մինչեւ Ճապոնիայի Նագոյա նավահանգիստ տեղափոխելու համար հայցվորը վճարել է եւս երեք հարյուր դոլար, հաշիվ-ապրանքագիրը ներկայացված է դատարան: Գործին կցված է նաեւ մեքենան գնելու համար կատարած բանկային փոխանցման միջնորդավճարը: Ճապոնական Նագոյա նավահանգստից մինչեւ Վրաստանի Բաթումի նավահանգիստ հայցվորի ավտոմեքենան տեղափոխելու համար Georgian Cargo Group տրանսպորտային ընկերությանը հայցվորը վճարել է 1265 դոլար: Հայցին կից ներկայացված է այս հաշիվ-ապրանքագիրը նույնպես:

Հայցվորը օրենքով նախատեսված առաջնային մեթոդով մաքսազերծելու նպատակով պահել է նաեւ Բաթումիի նավահանգստում ավտոմեքենան հուլիսին ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների վճարները փաստող հաշիվ ապրանքագիրը:

Բաթումիի նավահանգստից մինչեւ Հայաստանի մաքսային սահման մեքենան վարել է անձամբ հայցվորը՝ ճանապարհին լիցքավորելով 100 վրացական լարի արժողությամբ բենզինով, վճարումը կատարել է բենզալիցքավորման կայանում, ստացել այդ վճարումը հավաստող դրամարկղային կտրոնը եւ դա եւս կցված է հայցադիմումին:

Հայցվորը, քաջատեղյակ լինելով մաքսային մարմնի գործելաոճին, համապատասխան բոլոր ծախսերը հավաստող կտրոնները պահպանել է՝ մեքենան ավելի էժան մաքսազերծելու համար: Մաքսայինը, սակայն, հրաժարվել է մեքենան առաջնային մեթոդով մաքսազերծել՝ նշելով, թե ծախսերը հավաստող բոլոր ապացույցները չկան եւ պահանջել է 2000 դոլարով ավելի մաքսատուրք: Հայցվորը հրաժարվել է կատարել իր պնդմամբ՝ մաքսայինի ապօրինի պահանջը, մեքենան ի պահ է տվել մաքսային մարմնին եւ 3 դիմում է գրել նախ մաքսայինի ղեկավարներին, ապա դիմել է դատարան: Հայցվորը ավելի քան 9 ամիս պնդում է, որ ներկայացրել է բոլոր ծախսերը վկայող փաստաթղթերը: Ուրիշ ի՞նչ փաստաթուղթ պիտի ներկայացներ, որ չի ներկայացրել, հարցրեց հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Կոնկրետ օրենքով հստակ նշված չէ, թե ինչ փաստաթուղթ պետք է ներկայացնել: Օրենքով հստակ է մի բան, պետք է ներկայացվի ցանկացած փաստաթուղթ, որը մաքսային մարմնի մոտ պետք է որեւէ կասկած չհարուցի», - պատասխանեց Մաքսային ծառայության իրավաբանական վարչության ավագ տեսուչ Սամվել Օհանյանը` կասկած հայտնելով, որ միգուցե հայցվորը այլ ծախսեր է կատարել, սակայն նաեւ ընդունեց, որ փաստեր չունի այդ մասին:

Ի դեպ, Մաքսային ծառայության իրավաբանական վարչության ավագ տեսուչ Սամվել Օհանյանը փաստաբանի բազմաթիվ հարցերին պատասխանում էր ենթադրություններով:

Մաքսայինի վարքագիծը փաստող որոշումները վերլուծելով՝ փաստաբան Վահե Գրիգորյանը վարչական դատարանում ներկայացրեց իր պնդումները. - «Մարդը գիտի օրենքով մաքսազերծման որ եղանակն է իր համար նախատեսված, ինքը բավարարում է այդ պահանջներին, մարդը Ճապոնիայում գործարք է կնքում մի կազմակերպության հետ, ավտոմեքենան Ճապոնիայից բերում-հասցնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահման։ Այնուհետեւ Երեւան քաղաքում պարզվում է, որ այդ օրենքը ամենեւին իր համար չէ, այդ օրենքը գրված է ուղղակի հիմնավորելու համար, որ Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգը ունի 87 հոդվածով նախատեսված գործարքի գնով նախատեսված մաքսազերծման մեթոդ, որը բազմիցս ներկայացվել է բազմաթիվ միջազգային էքսպերտների հետ քննարկումներին` նաեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Եվ դա ներկայացվում է որպես մաքսային վարչարության շատ դրական կողմ, իրականում քաղաքացիները զրկված են այդ նորմով իրենց ընձեռնված հնարավորությունից»:

Այս գործին կցված է պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի 2010 թվականից մինչեւ 2012-ի օգոստոսը 55 700-ից ավելի ավտոմեքենաներ մաքսազերծվել են «հսկիչ գների» մեթոդով՝ քաղաքացիները ստիպված են եղել վճարել ավելի բարձր մաքսատուրք: Եվ միայն 314 ավտոմեքենա է մաքսազերծվել գործարքի գնի մեթոդով՝ ցածր մաքսատուրքով: Այս գործի քննության ընթացքում կարեւոր հարցադրումն է, թե ովքե՞ր են այդ արտոնյալները, որոնց դեպքում, ի տարբերություն սովորական, շարքային, որոշ դեպքերում՝ օրենքից տեղյակ քաղաքացիների, մեքենաները մաքսազերծվում են հարմար գնով:

Դատավոր Արծրուն Միրզոյանն այս գործով դատարանի որոշումը կհրապարակի մարտի 15-ին:
XS
SM
MD
LG