Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18 ի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները եւ Հովհաննիսյանը շարունակելու է հանրահավաքային պայքարը։

Այդ մասին «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում։

Հիշեցնենք՝ Հովհաննիսյանը երեկ նախագահական նստավայրում հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ։

Հովհաննիսյանը հանրահավաքում ներկայացրեց իր զրույցի մանրամասները. – «Ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ։ Ասացինք՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ։ Երկրի ապագային միտված այդ սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար անգամ ասինք լավ՝ պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակը ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք, առաջին հերթին, բոլոր ընտրակեղծարարներին։ Ուրեմն առաջինը՝ պատիժ բոլորին անխտիր Հայաստանի օրենքի կիրառմամբ խստագույնս, դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես պատժելու եմ, եւ այդ ապացույցները կան։ Երկրորդ՝ եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, այդ ուժը՝ ժողովրդի հաղթանակը ճանաչել, թեկուզ կրկնակի ընտրություն դեմ առ դեմ ինձ հետ տալ, եթե պատրաստ չեք, ուրեմն նվազագույնը՝ չնեղանաք ինձանից, որովհետեւ ես մինչեւ կյանքիս վերջը ձեր կողքը պիտի կանգնեմ, եւ ոչ մի տեղ չեմ գնալու։ Բայց երրորդը, որ բոլորդ իմանաք, ասացի՝ լավ, պարոն Սարգսյան, մենք անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ անմիջապես կազմակերպում ենք խորհրդարանական նոր ընտրություններ, որպեսզի ժողովուրդը գա մեծամասնության եւ միասին խորհրդարանական պետության մեջ մենք կազմենք մեծամասնությունը եւ նոր ընտրությամբ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին։ Եվ ի՞նչ էր պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ։ Ես այլեւս ասելիք չունեմ»։

Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջիկա ժամանակահատվածում հանդարտ պայքար են տանելու սահմանադրական ճանապարհով, համոզմունք հայտնելով, որ այդ շարժումը, ի տարբերություն նախկինում եղած շարժումների, չի մարի: Նա հենց վաղը հանրահավաքներ է նախաձեռնել Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում, իսկ կիրակի օրը՝ Երեւանում:

Այսօրվա հանրահավաքին հարթակում էին Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որոնք բոլորը իրենց ելույթներում Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրված նախագահ էին հռչակում:

Փաշինյանը այսօր էլ շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ազնվությունից այս իրավիճակում շատ բան է կախված։

«Ժողովուրդը չպետք է պարտվի», – հայտարարեց նա, – «Ի՞նչ է պետք անել ժողովրդի պարտությունը բացառելու համար. Առաջինը՝ չտալ որեւէ հնարավորություն, որ հրոսակախմբերը որեւէ ուժային գործողություն փորձեն ձեռնարկել ժողովրդի նկատմամբ. այս տարբերակը պետք է բացառել ի սկզբանե։ Ու մենք դա կարող ենք անել, ու մենք դա կանենք: Երրկրորդը՝ չգնալ որեւէ պայմանավորվածության ապօրինի, հանցագործ իշխանության հետ, որեւէ պայմանով, որեւէ ակնարկով չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Րաֆֆի Հովհաննիսյանը դե յուրե պետք է հռչակվի Հայաստանի Հանրապետության նախագահ: Ի՞նչ է պետք անել սրա համար. Առաջինը՝ այն հարթակը, որ գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է ծայրահեղ բաց, ազնիվ եւ անկեղծ լինի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, քաղաքական պրոցեսները պետք է տեղավորվեն կատարյալ թափանցիկության եւ հրապարակայնության շրջանակներում»:

Նիկոլ Փաշինյանը այլ քաղաքական գործիչներին կոչ արեց լինել Ազատության հրապարակում։

«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են Հայաստանում օրինական իշխանության հաստատում եւ ապօրինի իշխանության հեռացում, պետք է լինեն Ազատության հրապարակում: Ընդ որում, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այլ Ազատության հրապարակում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել ժողովրդի որոշմամբ, եւ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է պաշտպանել ժողովրդի որոշումը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին եւ ժողովուրդն իր որոշումը կայացրել է: Մենք՝ քաղաքական գործիչներս, ընդամենը ունենք մեկ անելիք` ժողովրդի որոշումը ի կատար ածել»:

Իր հերթին՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը ժողովրդի կողքն է:

«Հեշտ ճանապարհներ չկան, բայց եթե վճռական ենք, եթե միասնական ենք եւ պատրաստ ենք պայքարի, հաղթանակը չի ուշանա», – ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ, շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին, հայտարարեց, որ հաղթանակը դեռ ամենը չէ. - «Մենք կկարողանանք արձանագրել հաղթանակ այն ժամանակ, երբ մենք ստիպենք, որպեսզի պետությունը ճանաչի, որ իր կողմից արված գործողություններն անօրինական էին, եւ երբ պետությունը անվավեր կճանաչի իր նախնական առաջադրված տվյալները»:

Հանրահավաքին ներկա էր նաեւ 13 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով շարժումը գլխավորած Արկադի Վարդանյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինի այնպիսի նախագահ, ինչպիսին էին նրա նախորդները։ Չի լինի այնպիսի նախագահ, որը ժողովրդի բազմաթիվ հարցումներին խորհուրդ կտա մեկը մյուսից պարտք անելով յոլա գնալ, չի լինի այնպիսի նախագահ, որն իրեն միակ տղամարդը կհռչակի մեր երկրում, չի լինի այնպիսի նախագահ, որը կասի մի բան եւ կանի լրիվ հակառակը», – կարծիք հայտնեց Վարդանյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG