Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի հասարակությունը «հոգնել է թշնամանքից»:

«Հանրապետության» շատ անդամներ այսօր Ազատություն հրապարակում մասնակցում էին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

«Հասարակությունն իր բողոքն է արտահայտում, եւ մենք` յուրաքանչյուրս որպես քաղաքացի, որպես քաղաքական կուսակցության անդամ, մեր ներկայությունն ենք բերում` թեկուզ անհատական մեր ներկայությամբ հանրահավաքի քանակն ավելացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

Նա բացառեց, թե կարող է բարձրանալ հանրահավաքի հարթակ. - «Ես որպես քաղաքացի եմ այստեղ: Հարթակում թող լինեն այն մարդիկ, ովքեր այս գործընթացներին ակտիվ մասնակցել են, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց մասնակցությամբ քվե են ստացել… Ինձ հիացնում է այս ժողովուրդը` իր այս ակտիվությամբ: Իմ կարծիքով, ձեւավորվել է այնպիսի մի երիտասարդություն, այնպիսի մի մտածելակերպ, որին որեւէ կերպ չես խաբի, որեւէ կերպ չես մտափոխի: Եվ այս ամենը այնպիսի հույս է տալիս, որ երկրի կառավարման այս ձեւը երկար չի տեւելու, փոխվելու է»:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ճիշտ է համարում երեկ տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյան - Սերժ Սարգսյան հանդիպումը` Սարգսյանն արձագանքեց. - «Եթե հասարակությունը երեկվա հանդիպումից հետո այստեղ հավաքվել է, նշանակում է հասարակությունը հոգնել է այդ թշնամանքից»:

Նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցած խորհրդարանական երեք ուժերից` ՀԱԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ, միայն վերջինս է միացել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հարթակում է, ՀՅԴ մյուս ղեկավար անդամները` Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ` հրապարակում:

«Բարգավաճ Հայաստանը»-ը, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, չի քննարկել անցած ընտրությունների հարցը, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ:

Այս ընտրությունները «խայտառակ» որակած Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքներին չի մասնակցում:

Հանրահավաքներին չեն մասնակցում նաեւ խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» հետ դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG