Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել


Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ձգվող հայկական գյուղերում որքան էլ սովորական լինեն հակառակորդի արձակած կրակոցները, ամեն անգամ, սակայն, կրակոցներից հետո բնակչության առօրյան խախտվում է:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երեկ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումներր խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակահերթեր արձակել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ տուժածներ չկան:

Այգեպար գյուղում կրակոցները տեւել են վեց ժամ՝ ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր: Ինչպես եւ ամեն անգամ, երեկ եւս գյուղացիները թաքնվել են նկուղներում, տներում: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ գյուղում շինություն չկա, որ կրակոցներից վնասներ չունենա:

«Տանիքները, պատերը... էլ տեղ չկա: Մի բնակիչ ունենք, որ իր տունը հենց դիրքի դիմաց է, ամեն կրակոցից հետո տասը հատ շիֆեր է առնում, տանիքը սարքում: Եկել է գյուղապետարան, ինձ բողոքում է, ասում է` «սրա վերջը ե՞րբ է լինելու, երկու կոպեկ թոշակ եմ ստանում, մենակ սնունդին է հերիքում», շիֆերն էլ էժան չէ», - ասում է Այդինյանը:

Կրակոցներից վնասվել են նաեւ Մովսես գյուղի տների տանիքները, պատուհանները: Գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի պահին շրջում էր տներով՝ հստակեցնելու վնասի չափերը: Գյուղապետը, սակայն, այնքան էլ վստահ չէր, սակայն, որ վնասները կարող են փոխհատուցվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե պարզ չէ կրակահերթերի տակ հայտնված գյուղերի քանակը: Կրակոցները եղել են Բերդի տարածաշրջանի ուղղությամբ, ասում է Հովհաննիսյանը` նշելով, որ հայկական զինուժը պատասխան կրակոցներ է արձակել, ինչից հետո վիճակը հանդարտվել է: Այդքան էլ հեշտ չէ հասկանալ Ադրբեջանի՝ նման գործողություների դիմելու պատճառներն, ասում է Հովհաննիսյանը նշելով, որ հայկական սահմանը պաշտպանված է ու որքան էլ ադրբեջանցիները փորձեն նման գործողությունների դիմել, չեն կարող իրենց նպատակին հասնել:

«Իրենք տարբեր լոգիկաների են, երբեմն հասկանալը այդքան էլ հեշտ չէ: Դա կարող է թե իրենց ներքին քաղաքականության հետ կապ ունենալ, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, թե միջազգային հանրությանը ուղղված լինի: Ադրբեջանցիները շատ տարբեր պատճառներով են փորձում առաջացնել տարբեր ձեւի լարումներ», - ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր նաեւ անցած շաբաթ: Այդ ժամանակ ադրբեջանական կողմից արձակված ինտենսիվ հրաձգության հետեւանքով վիրավորվել էր 22-ամյա մի զինծառայող: Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ փետրվարի 19-ին ադրբեջանական կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը: Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ըստ պաշտպանության նախարարության, նման մասշտաբի հրաձգություն վերջին անգամ եղել էր մոտ վեց ամիս առաջ:

Մինչ հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմն իր հերթին մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ արձակելով Թովուզի շրջանի Հաջալի եւ Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG