Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտ. «Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի»


ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

«Միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել տարածաշրջանին», - ընդգծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին` լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս են Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում հարգանքի տուրք մատուցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ընթացքում արձանագրված ողբերգական մարդկային կորուստները մեզ մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել այս տարածաշրջանին: Որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն` Միացյալ Նահանգները միանշանակորեն հակված է շարունակել աշխատանքը կողմերի հետ այս ուղղությամբ», - հայտարարեց Պետքարտուղարության խոսնակը:

Ադրբեջանցի լրագրողի հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում Պետդեպարտամենտը Խոջալուի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու պահանջով Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված օնլայն խնդրագրին, Նուլանդը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է Սպիտակ տանն առնչվող խնդիրներին, ապա ես խորհուրդ կտայի ձեզ դիմել հենց Սպիտակ տուն»:

Նշենք, որ Ամերիկայի հայկական կառույցները ակտիվ հակաքայլեր են ձեռնարկում Սպիտակ տան կայքում տեղադրված այս խնդրագրի դեմ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հատուկ նամակով դիմել է նախագահ Բարաք Օբամայի օգնական Էլիզաբեթ Շերվուդ-Ռենդալին` պնդելով, որ ավելի քան 120 հազար ստորագրություն հավաքած այս օնլայն խնդրագրի ետեւում կանգնած է պաշտոնական Բաքուն: Որպես ապացույց` Համբարյանը մատնանշում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւի փետրվարի 1-ին տված հարցազրույցը, որում ադրբեջանցի դիվանագետը նշել էր. - «Ցանկացած ադրբեջանցի` կարեւոր չէ, թե որ երկրի քաղաքացի է նա, կարող է միանալ այս խնդրագրին, քանի որ մեր յուրաքանչյուր հայրենակից իրավունք ունի ջանքեր գործադրել, որպեսզի արդարությունը հաղթանակի»:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյաներից պահանջում է պաշտոնական հետաքննություն սկսել` օտար պետության կողմից ԱՄՆ-ի նախագահի կայքի գործունեությանը փաստացի միջամտության առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG