Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը չի դանդաղեցնի բանակցությունները Հայաստանի հետ


Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ

Պաշտոնական Բրյուսելը չի դանդաղեցնի բանակցությունները Երեւանի հետ՝ նախագահական վերջին ընտրությունների պատճառով, այդուամենայնիվ, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն բարեփոխումներն ու շտկեն թերությունները՝ եվրոպական ընտանիքին առավել մերձենալու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Էլմար Բրոկը։

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Բրոկից հետաքրքրվել է՝ արդյոք նա կիսո՞ւմ է Շվեդիայի արտգործնախարարի տեսակետը, թե հայաստանյան վերջին ընտրությունների որակը սպասվածից ցածր է եղել, ինչին Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. - «Ետխորհրդային բոլոր պետություններն էլ ունեն թերություններ, այդ պետություններից որեւէ մեկը չենք կարող առանձնացնել որպես լիարժեք ժողովրդավարական երկիր, այդ իսկ պատճառով, կարծում եմ, նաեւ այս ընտրությունների դեպքում անհրաժեշտ է հետեւել, որ առաջընթցաը շարունակվի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար»։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, միաժամանակ, փաստել է, որ ինքը քննադատաբար է վերաբերվում ընտրություններում արձանագրված թերություններին, ինչի մասին տեղյակ է պահել նաեւ Հայաստանի պաշտոնատար անձանց ու պատասխանատուներին։

«Իսկ որքանո՞վ կազդեն այս ընտրություններում արձանագրված թերությունները Հայաստանի հետ Եվրամիության հետագա հարաբերությունների վրա, հնարավո՞ր է, որ Բրյուսելը դանդաղեցնի բանակցությունները Ասոցիացման համաձայնագրի կամ Ազատ առեւտրի պայմանագրի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այս հարցին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան արձագանքել է. - «Ոչ, մենք չենք ուզում դանդաղեցնել այդ գործընթացը, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կախված է մի շարք գործոններից։ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի լավ պայքարեն կոռուպցիայի դեմ, ունենան իրական օրենքի իշխանություն, ստանան ընտրություններից օգտվելու իրական հնարավորություն, ինչը, իմ պատկերացմամբ, նշանակում է, որ ընդդիմությունը պետք է իշխանության գալու հավասար հնարավորություն ունենա եւ հակառակը»։

«Այս կամ այն պատճառով, այս պահանջները դեռեւս չեն կատարվել, արդյունքում՝ Հայաստանը դեռեւս չի ստացել Եվրամիության ասոցիացված անդամի կարգավիճակ, բանակցությունները դեռ ընթացքի մեջ են», - ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG