Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանին շնորհավորել են Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների նախագահներ


Սերժ Սարգսյանը դուրս է գալիս քվեախցիկից, 18 փետրվարի, 2013

Սերժ Սարգսյանը դուրս է գալիս քվեախցիկից, 18 փետրվարի, 2013

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության եւ Իսրայելի Պետության նախագահները:

Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկտավության միջոցների վարչությունը:

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճ, բոլոր հարեւանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու Ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող Ձեր ջանքերին: Ընտրություններից հետո, վերահաստատում եմ նաեւ վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության: Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տեւած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը: Օգտվում եմ առիթից վերահաստատելու իմ անձնական կապվածությունը մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամությանը: Համոզված եմ, որ մեր հետագա երկկողմ ձեռնարկումները հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր համագործակցությունը՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, որը նույն բարձրության վրա չէ, ինչպիսիք մեր քաղաքական շփումներն են», - մասնավորապես գրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր շնորհավորական նամակում վստահություն է հայտնել, որ հայ-ուկրաինական երկկողմ համագործակցությունը կշարունակի այսուհետ եւս զարգանալ բարեկամության եւ փոխըմբռնման ամուր հիմքի վրա:

Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ նրա նախագահության երկրորդ ժամանակահատվածում հայ-լիտվական հարաբերություններն այսուհետ եւս կամրապնդվեն տնտեսական, մշակութային եւ քաղաքական կապերի զարգացման ճանապարհով:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Հանրապետության ղեկավարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաջողություններ մաղթել գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ բարձր մակարդակի փոխհարաբերությունները երկու բարեկամ պետությունների եւ հայ ու լիբանանցի ժողովուրդների միջեւ նույն ոգով կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հույս է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի շատ ավելի մեծ արագությամբ:

«Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը՝ Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն եւ փառք», - ասված է Իրանի նախագահի ուղերձում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկտավության միջոցների վարչությունը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG