Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի նախկին ռեկտորը հերթական սկանդալային տեսանյութն է տարածել


Արտապատկերում Էլշադ Աբդուլաեւի տարածած YouTube-ի սկանդալային տեսանյութից
Արտապատկերում Էլշադ Աբդուլաեւի տարածած YouTube-ի սկանդալային տեսանյութից
Համացանցում տեղադրվել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող հերթական սկանդալային տեսանյութը։

31 րոպե տեւողությամբ տեսանյութը YouTube-ում տեղադրել է Բաքվի միջազգային հարաբերությունների համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը: Նա նշում է, որ գաղտնի տեսախցիկով նկարահանված տեսանյութում իր զրուցակիցը օդանավակայանի ոստիկանության պետի տեղակալ Ռասիմ Իլդիրիմազդեն է. Էլշադ Աբդուլաեւը բարձրաստիճան ոստիկանի հետ բանակցում է իր հարազատ եղբորը՝ Մաիր Աբդուլաեւին ազատելու համար, ով անհետ կորել էր 2003 թվականի նախագահական ընտրություններից երկու օր առաջ, ենթադրաբար նրան առեւանգել էին։

Ռասիմ Իլդիրիմազդեն, ով ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի ազգական է, գաղտնի նկարահանված տեսանյութում Էլշադ Աբդուլաեվին հավաստիացնում է, որ նրա եղբայրը ողջ է եւ մեկ միլիոն դոլարի դիմաց կարող է ազատ արձակվել: Էլշադ Աբդուլաեւը թերահավատորեն է վերաբերում զրուցակցի առաջարկներին, ասելով թե մինչեւ հիմա իրեն շատ են խաբել եւ լրացուցիչ ապացույցներ է պահանջում:

Ըստ տեսանյութին ուղեկցող մեկնաբանությունների՝ զրույցը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերին։

Ռասիմ Իլդիրիմազդեն այսօր ասել է, թե այդ տեսանյութը շանտաժ է, հերքել է բոլոր մեդադրանքները, հայտարարել թե նախկին ռեկտորն է հանցագործ, ով աշխարհով մեկ խայտառակում է Ադրբեջանին ու նրա դեմ քրեական գործ է հարուցված:

Ավելի վաղ Էլշադ Աբդուլաեւը մեկ այլ սկանդալային տեսանյութ էր տարածել, որտեղ նրա զրուցակիցը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Գյուլյար Ահմեդովան նրանից մեկ միլիոն մանաթ կաշառք էր պահանջում պատգամավորական մանդատի համար: Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Գյուլյար Ահմեդովան ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը վերջերս տված հարցազրույցում Էլշադ Աբդուլաեւը ասել է, թե իր եղբորը առեւանգելու, ինչպես նաեւ պատգամավորական մանդատի առեւտրի հետեւում կանգնած է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը:

Էլշադ Աբդուլաեւը, հեռանալով Ադրբեջանից, հիմա բնակվում Ֆրանսիայում։ Անցյալ տարվա աշնանից նա սկսել է տարածել գաղտնի նկարահանված տեսանյութեր, հեռախոսային զրույցների ձայնագրություններ, որոնք մերկացնում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների՝ պատգամավորների, ազգային անվտանգության ծառայության սպաների, դատավորների հանցավոր պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG