Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա


Առողջապահությանը նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանում այսօր H1N1վիրուսի կամ «խոզի գրիպի» համաճարակ չկա: Սակայն այս հիվանդության հետեւանքով Հայաստանում երկու մահվան դեպք է գրանցվել. Երկու շաբաթ առաջ մահացել է 42-ամյա մի տղամարդ, իսկ 10 օր առաջ հղի մի կին:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը պատմում է, որ մահացած 42-ամյա տղամարդը բավականին երկար ժամանակ գրիպով հիվանդ է եղել, ունեցել է հազ, ջերմություն, կոկորդի ցավ, եւ այդ վիճակով հաճախել է գիշերային աշխատանքի, երկար ժամանակ բժշկի չի դիմել ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելուց հետո անհնար է եղել նրան փրկելը:

«Սա վկայում է այն մասին, որ ուշ դիմելությունը, անկախ նրանից, թե գրիպի որ տեսակն է, կարող է դառնալ բարդության առաջացման պատճառ», - ասաց Թորոսյանը. - «Մյուս դեպքը 24-ամյա հղիի մահվան դեպքն է. կրկին պիտի փաստեմ, որ հղին մինչեւ գրիպանման երեւույթներ ունենալը երիկամային ախտաբանություն է ունեցել եւ վերջինիս վիճակը` հղիությունը եւ ուղեկցող հիվանդությունը, նպաստել են հիվանդության բարդացմանը եւ մահվան ելքի արձանագրմանը»:

Նշենք, որ «խոզի գրիպով» հնարավոր չէ վարակվել խոզի միս ուտելիս կամ այս կենդանիների հետ շփման արդյունքում: 2009 թվականին այս նույն վիրուսի համաճարակի ժամանակ Հայաստանում երեք մահվան դեպք գրանցվեց:

Այսօր այս վիրուսով հիվանդների թիվը Հայաստանում մոտ երկու տասնյակ է, որոնցից թոքաբորբի տեսքով բարդություն ունեն չորս հոգի: Նրանք բուժվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Այս մարդկանց կյանքին, Թորոսյանի փոխանցմամբ, վտանգ չի սպառնում: Նրա կարծիքով` արձանագրված մահերը խուճապի առիթ չպետք է հանդիսանան, քանի որ գրիպի այս տեսակը առավել վտանգավոր չէ, քան մյուսները:

«Մահվան դեպքերը կարող են արձանագրվել գրիպի ցանկացած ենթատեսակից եւ ցանկացած տեսակից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր տարի գրիպից մահանում է գրեթե հինգ միլիոն մարդ», - ասաց Թորոսյանը. - «Եթե չենք զբաղվում ինքնաբուժմամբ, եթե ժամանակին ենք դիմում բժշկական օգնության, անհարկի տեղը անտիբիոտիկներ չենք օգտագործում, ապա յուրաքանչյուր բարդություն եւ վիճակ կարելի է կանխել»:

Այսօր Հայաստանում շրջանառվում է գրիպի երեք տեսակ: Թորոսյանը պատահականություն է համարում այն, որ գրիպի հենց այս տեսակից արձանագրվեցին մահվան երկու դեպքերը:

Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը ասում է, որ Հայաստանը պատրաստ է դիմակայել համաճարակային իրավիճակին, եթե այն ստեղծվի, հակավիրուսային դեղորայքի պաշարները բավարար են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG