Մատչելիության հղումներ

logo-print

Լենա Նազարյան. «Իմ փոխարեն շատերը կարող էին նման ակցիա անել»


Լենա Նազարյանը միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ ընթերցում է իրենց տեքստը, Երեւան, 19-ը փետրվարի, 2013թ.

Լենա Նազարյանը միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ ընթերցում է իրենց տեքստը, Երեւան, 19-ը փետրվարի, 2013թ.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բոյկոտած ակտիվիստը ավելի ուշ պարզել է` «շատերն էին ուրախ, որ այդ ակցիան տեղի ունեցավ»։

Նախագահական ընտրությունները դիտարկած ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունները ընտրությունների հաջորդ օրը ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական զեկույցը:

Ասուլիսի հիմնական մասից հետո մի խումբ երիտասարդներ նույն դահլիճում դիտորդների ներկայությամբ ընթերցեցին տեքստ, համաձայն որի` «դիտորդները լեգիտիմացնում են Հայաստանի ընտրությունները եւ իրականում նրանք նման են Հայաստան ժամանող զբոսաշրջիկների», եւ այլն:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը բոյկոտող տեքստը ասուլիսի սրահում ընթերցեց Լենա Նազարյանը, ով Թեղուտի անտառի պաշտպանության խմբի ակտիվիստ է, թեեւ ասաց, որ այս դեպքում ցանկանում է ներկայանալ ոչ թե որպես ակտիվիստ, այլ` պարզապես քաղաքացի: Նա նախագահական ընտրության օրը Արտաշատի թիվ 17/2 ընտրատեղասում դիտորդ է եղել:

«Ողջ օրը ականատես եմ եղել, թե ինչպես Հանրապետական կուսակցության վստահված անձինք հանձնաժողովի նախագահի հետ գրկախառնված, անկյուններում խոսելով, իրականացրել են տարբեր ընտրակեղծիքներ, խախտումներ: Առավոտյան խոսեցի իմ մի քանի ընկերների հետ ու որոշեցինք ընդհատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկուցողներին, քանի որ արդեն սպասում էինք, որ շատ լղոզված հայտարարություն են անելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լենա Նազարյանը:

Նա ավելացրեց, թե ակցիան կազմակերպելու համարձակություն են գտել այն պատճառով, որ իրենք էլ ԵԱՀԿ-ի դիտորդների նման ընտրության օրն անցկացրել են տեղամասում, ականատես եղել օրենքի բազմաթիվ խախտումների:

«Հանրապետական կուսակցության վստահված անձինք իրենց թույլ էին տալիս անընդհատ ինձ կարգի հրավիրել, հայհոյել են իմ ընկերներին, հոգեբանական ճնշում են գործադրել, մինչդեռ երբ մտնում էին միջազգային դիտորդները, նրանք մեծ սիրալիրությամբ էին ընդունում նրանց», - պատմեց նա՝ հավելելով, որ իր փոխարեն շատերը կարող էին նման ակցիա անել:

Թե ում անունից էր ընթերցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների մասին զեկույցի բոյկոտի տեքստը` ակտիվիստը նշել չցանկացավ, ասաց, որ տեքստը կարդում էր Հայաստանի քաղաքացիների կամ քաղաքացիական հասարակության անունից, եւ ինչպես պարզել է ավելի ուշ, «շատերն էին ուրախ, որ այդ ակցիան տեղի ունեցավ»:

Պարզել ենք «քաղաքացիական ակտիվիստներ» ներկայացող մի քանի այլ անձանց կարծիքը ակցիայի մասին:

«Քաղաքացին ասում է, որ ինքն էլ այդ պրոցեսների մի մասն է եղել եւ թույլ չի տա կեղծ գնահատականներ տալ, այդ իմաստով ես դրական եմ գնահատում տեղի ունեցածը: Այդ հայտարարության բովանդակության մեջ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց ակցիան, երբ քաղաքացին կարող է դուրս գալ միջազգային հեղինակավոր կառույցների դեմ, ուրախացնում է ինձ», - ասաց «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Գալֆայանը:

Ակտիվիստ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերլուծական բաժնի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը նույնպես նշեց, որ «նույնիսկ չքննելով բովանդակությունը` արդեն ուրախ է քաղաքացիական ցանկացած պոռթկման համար»:

«Լենա Նազարյանի անունը չի իջնում աշխարհի մամուլի էջերից: Մարդկանց հիմա հետաքրքիր է ոչ թե ԵԱՀԿ-ի զեկույցը, այլ այն, որ ԵԱԿՀ-ի զեկուցողներին ասացին` «տուրիստներ, եթե այսպես պիտի անեք, կարող եք այլեւս չգալ», - ասաց այժմ Միացյալ Նահանգներում գտնվող` երիտասարդական շարժման նախաձեռնող Արսեն Խառատյանը, ով այս անգամ հեռվից է հետեւել Հայաստանում անցկացվող ընտրություններին:

Ասուլիսի դահլիճում ելույթով հանդես եկած երիտասարդները վաղը պատրաստվում են մեկ այլ ակցիա անկացնել ԵԱՀԿ-ի գրասենյակի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG