Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանի կոմիտեի բանաձեւը` քննադատության առարկա


Քննադատությունը հնչել է Ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Պրահայում կայացած միջոցառման ժամանակ։

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը չորեքշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել չեխական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից օրերս ընդունված բանաձեւը Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպանը ելույթ է ունեցել իր ղեկավարած դիվանագիտական առաքելության, Չեխիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի եւ «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում անցկացված` Ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտման ժամանակ:

Սեյրանյանը նախ ներկայացրել է Ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, ադրբեջանցիներն իրականացրեցին Սումգայիթի ջարդերը եւ մի շարք այլ բռնություններ, պատերազմ սկսեցին` պատերազմ, որն ամենաարյունալին էր հետխորհրդային տարածքում, ունեցավ տասնյակ հազարավոր զոհեր:

Այնուհետեւ, դիմելով դահլիճում ներկա չեխ պատգամավորներին, Հայաստանի դեսպանն անդրադարձել է Խոջալուի իրադարձություններն աղավաղող վերոհիշյալ միակողմանի բանաձեւին: Նա շեշտել է, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հակահայ ռասիստական եւ ռազմատենչ քարոզչության վրա, օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Այդ քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել նաեւ Չեխիայի Հանրապետությունում», - նշել է Սեյրանյանը: «Որոշ պատգամավորներ, առանց հաշվի առնելու պատմական իրողություններն ու փաստերը, որի վկան է դահլիճում գտնվող ողբերգության ականատես չեխ լրագրող Դանա Մազալովան, ընդունել են ադրբեջանամետ մի հայտարարություն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին` մի երկրի, ուր հայատյացությունը եւ ռասիզմը պետական քաղաքականություն են, ուր հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ուր հերոսացվում է դաժան ոճրագործ Սաֆարովը, ուր հայկական ջարդերի մասին ճշմարտությունն ասած եւ համերաշխության կոչ արած հայտնի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով հալածում եւ պարսավում են», - շարունակել է դեսպանը:

Սեյրանյանի ելույթից հետո ցուցադրվել են հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետեւ՝ բուլղարացի լրագրող եւ հրապարակախոս Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։

Չեխիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշը նշել է, որ պաշտոնական Պրահան հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, որը հաստատուն է մնում անկախ ամեն ինչից։ Նա հայտնել է, որ երբեմն խորհրդարանականների դիրքորոշումները եւ հայտարարությունները չարաշահվում են, ինչը տեղի ունեցավ նաեւ այս շաբաթասկզբին, երբ ադրբեջանական մամուլը հրապարակեց հայտնի բանաձեւը՝ նախքան դրա պաշտոնապես ուժի մեջ մտնելը եւ չեխական խորհրդարանի կոմիտեի կողմից հրապարակելը։

Ցվետանա Պասկալեւան, իր հերթին, հորդորել է պատգամավորներին որեւէ որոշում ընդունելուց առաջ լավ ուսումնասիրել փաստերը: «Եթե Չեխիան ցանկանում է ապացուցել, որ չեզոք երկիր է ղարաբաղյան հակամարտությունում, նույն հանձնաժողովը պետք է սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունի», - շեշտել է վավերագիրը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Չեխիա - Թուրքիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, պատգամավոր Վացլավ Կուբատան, ով հայտարարել է, թե կոմիտեն նպատակ չի ունեցել ընդունել կողմերից մեկին պաշտպանող բանաձեւ, այլ պարզապես ցանկացել է դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։ Նա ընդունել է, որ բանաձեւն այս տեսքով իր նպատակին չի ծառայում, այն ընդունվել է հապճեպ՝ առանց պատշաճ կերպով փաստերն ուսումնասիրելու, եւ կարիք ունի լրացուցիչ քննարկումների:

Միջոցառման ավարտին ելույթով է հանդես եկել նաեւ չեխ լրագրող Դանա Մազալովան, ով վերստին, իբրեւ Խոջալուի իրադարձությունների ականատես, հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը եւ դատապարտել արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմնակալ հայտարարությունը:

Սեմինարին ներկա էին նաեւ Պրահայի հայ, հրեական եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Նույն օրը հաղորդագրություն է տարածել Չեխիայի արտգործնախարարությունը` ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներգրավված չի եղել խորհրդարանական կոմիտեի կողմից ընդունված բանաձեւի մշակման գործում, եւ որ պաշտոնական Պրահայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ` Չեխիան սատարում է հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, վարում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու քաղաքականություն։

Չեխիայի արտգործնախարարությունը հավաստիացնում է, որ իր համար տհաճ անակնկալ է եղել հիշյալ բանաձեւի` խորհրդարանական կոմիտեի կողմից հրապարակվելուց առաջ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքէջում հայտնվելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG