Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան․ «Վաղը հրապարակում հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մոտ այսօր մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո փետրվարի 18-ի ընտրություններում նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահական նստավայրից, եւ հայտարարեց, որ հանդիպման բոլոր մանրամասները կհրապարակի վաղը՝ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ընթացքում։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե գնում է դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումների` կոչ անելով բոլորին ցրվել, ամեն մեկը թող իր գործին գնա, ասաց Ժառանգություն կուսակցության ղեկավարը: Բաղրամյան 26-ում կայացած հանդիպման մեկնարկից րոպեներ անց նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը տարածեց հանդիպման լուսանկարը եւ մոտ 30 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որում Հոհվհաննիսյանն ու Սարգսյանը բավական ջերմ մթնոլորտում հետաքրքրվում են միմյանց որպիսությամբ:

Ավելի ուշ, նախագահի լրատվական ծառայությունը նաեւ կարճ հաղորդագրություն տարածեց հանդիպման մանրամասների վերաբերյալ, որում նշվում է, որ քննարկվել է նախագահական ընտրություններին եւ հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորել են բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը», – ասված է հաղորդագրությունում։

Համակիրների հետ նախագահականի առջեւ Հովհաննիսյանին սպասող «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր, թե հանդիպման օրակարգում պետք է լինի իշխանության հանձնումը։

«Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի ձայնն է, այսօր լիազորված է ժողովրդի կողմից, հետեւաբար ժողովուրդն էլ պարտադրելու է այդ փոխանցումը, որը պատկանում է իրեն», – հայտարարեց պատգամավորը։

Հիշեցնեմ, ձայների շուրջ 37 տոկոսը ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կեսօրին հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում։

Այսօր նախագահական գնալուց առաջ Հովհաննիսյանը հայտարարեց, թե ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը չի գա, թեւ հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունն այսօր ծրագրել էր միջոցառում անցկացնել նույն հրապարակում, նաեւ այն, որ նախագահը խոսնակի միջոցով պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ընդունել իրեն. – «Մի քանի օր գնում է հեռակա բանավեճ։ Իրար համ հարգում ենք՝ Սերժ Սարգսյանը եւ ես, համ իրար քննադատում ենք, եւ դա նորմալ է։ Եվ հարգելով Հայաստանի երրորդ նախագահին, իր մեծ ավանդը, որ ունեցել է մեր երկրի առջեւ եւ էլի պիտի ունենա ապագայում, բայց նաեւ գիտակցելով, որ ինքը պարտվել է փետրվարի 18-ի ընտրություններում, լրջագույնս ընդունելով իր խոսնակի երեկվա հրավերը, ենթադրելով, որ նա չի գալու այսօր հրապարակ իմ հրավերին ի պատասխան, ես հիմա գնում եմ նրա մոտ հանդիպելու համար եւ լուծում տալու այդ համազգային ճգնաժամին՝ հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական, որի մեջ գտնվում է մեր ազգը եւ պետությունը»։

Մինչեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հատուկ անդրադարձավ վերընտրվելու կապակցությամբ Սարգսյանին այս օրերին ուղղվող շնորհավարական ուղերձներին։

«Ոչ ոք իրավունք չունի որոշել հայ ժողովրդի փախարեն», – ասաց Հովհաննիսյանը, – «Հետաքրքրաբար՝ իմ կողմից հարգված երկու վեհափառներին, իմ կողմից շատ հարգված Ռուսաստանի նախագահին միացել է Թուրքիայի նախագահը իր կանխակալ շնորհավորանքով։ Մնացածը ձեր հայեցողությանն եմ թողնում։ Բայց կարեւորը հայ ժողովուրդն է, կարեւորը հայ զինվորն է, հայ ոստիկանը, հայ դատավորը, հայ մարդը իր երկրում եւ ուրիշ ոչ մեկը»։

Ի դեպ այսօր մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ոստիկանները զգուշացրեցին նրան, որ հավաքն արտոնված չէ, ապօրինի է եւ ստիպված են լինելու վարչական տույժ կիրառել:

«Որպես ընտրված նախագահ կենթարկվեմ օրենքին», – ասում էր Հովհաննիսյանը։
XS
SM
MD
LG