Մատչելիության հղումներ

«Կապույտ գիրքը» ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին


Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն ելույթ է ունենում Երեւանում` Հայաստանի նախագահի մրցանակը ստանալուց հետո, 29-ը մայիսի, 2012թ.
Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն ելույթ է ունենում Երեւանում` Հայաստանի նախագահի մրցանակը ստանալուց հետո, 29-ը մայիսի, 2012թ.
Մի խումբ թուրք մտավորականներ երկրի խորհրդարանի 550 պատգամավորներին են ուղարկել բրիտանացի լորդ Ջեյմս Բրայսի եւ պատմաբան Արնոլդ Թոյնբիի կազմած «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-16 թվականներին» գիրքը, որն ավելի շատ հայտնի է «Կապույտ գիրք» անվանումով։

Այս գիրքը համարվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ամենահիմնավոր վավերագրերից մեկը, այստեղ տեղ են գտել 1915-16 թվականներին Թուրքիայում գտնվող օտարերկրացիների, այդ թվում` գերմանացիների, իտալացիների, հոլանդացիների, շվեդների եւ շվեյցարացիների վկայությունները, հաղորդագրությունները։

Թուրքիայի իշխանությունները, քաղաքական ուժերը, արեւմտյան որոշ պատմաբաններ չեն ընդունում այս գիրքը` այն համարելով պատերազմի ընթացքում բրիտանական ռազմական քարոզչություն Թուրքիայի իշխանությունների դեմ։

«Կապույտ գիրքը» չորս տարի առաջ վերահրատարակվել է բրիտանացի պատմաբան, «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի ջանքերով։

Այն ժամանակ թուրք մտավորականները փորձել էին գիրքը ուղարկել պատգամավորներին, բայց այդ փորձը կանխվել էր Թուրքիայի խորհրդարանի ղեկավարների կողմից։

Հիմա մտավորականները գիրքը ուղարկում են կառավարության վերահսկողության տակ գտնվող PTT փոստային ծառայության միջոցով։ Եթե այս անգամ էլ պատգամավորները չստանան գիրքը, մտավորականները որոշել են խորհրդարանի մուտքի մոտ գիրքը անձամբ հանձնել պատգամավորներին։

Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը` տեղեկացնելով, որ թուրք մտավորականների խումբը իր նախաձեռնության մասին հայտնել է երեքշաբթի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Արա Սարաֆյանը։

Սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքշին ասել է, թե Թուրքիայի արխիվները երբեք հավատ չեն ներշնչի, քանի դեռ շարունակվում է ժխտման քաղաքականությունը։

Թուրք մտավորականները հույս ունեն ուշադրություն հրավիրել երկրում խոսքի ազատության վիճակի վրա։

Հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռաջըփ Զարաքոլուն, որը վերջերս Թուրքիայի իշխանությունների կողմից քրեական պատասխանատվության էր ենթարկվել, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք դասական եւ թուրք գրողների ստեղծագործությունները դպրոցական ծրագրերից հանելու` իշխանությունների վերջերս կայացրած որոշմանը։

«Կարդալու արգելքը հասավ դպրոցներին», - հայտարարել է Զարաքոլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG