Մատչելիության հղումներ

Բագրատյանը իշխանության եւ ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ցանկություն է տեսնում


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելուց հետո նախագահի ընդդիմադիր թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Փետրվարի 18-ին կայացած ընտրություններում նախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջը։

«Հերթական անգամ մենք ունեցանք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը», - Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արձանագրել է Բագրատյանը, - «1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի եւ սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են»։

Միեւնույն ժամանակ նախկին վարչապետը կարծիք է հայտնել, որ այս անգամ իրավիճակն այլ է։

«Իշխանության եւ ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի», - ասել է Հրանտ Բագրատյանը, ով այս հայտարարությունը հրապարակելուց ժամեր առաջ այցելել էր Ազատության հրապարակ եւ մոտ կես ժամ տեւողությամբ քննարկում ունեցել նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Բագրատյանը նշել է, որ իր կոչը պետք չէ ընկալել «իբրեւ անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք»։

«Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա եւ այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ», - եզրափակել է «Ազատություն» կուսակցության առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG