Մատչելիության հղումներ

Տեղական դիտորդները հակասական գնահատականներ ունեն ընտրության վերաբերյալ


Տեղական դիտորդական կազմակերպությունները նախագահի ընտրությունների վերաբերյալ հակասական գնահատականներ ունեն: Դրանց մի մասն ասում է, թե ընտրախախտումները մասսայական չեն եղել եւ ի վերջո չեն ազդել ընտրության արդյունքների վրա, իսկ մյուս մասը բարձրաձայնում է մասսայական եւ աղաղակող խախտումների մասին եւ ասում, որ դրանք չէին կարող չազդել արդյունքների վրա:

«Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպութունը իր զեկույցում նշում է, որ «տեղամասերի գերակշիռ մասում ընտրությունները անցել են խաղաղ, բնականոն ընթացքով եւ օրենսդրության համապատասխան»:

«2008-ի նախագահականի հետ համեմատած ավելի քիչ են ընտրախախտումներ, դրա համար մեր եզրակացության մեջ մենք նշեցինք, որ այս ընտրությունները ավելի կազմակերպված էին», - ասում է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը:

Ըստ Համբարձումյանի` ավելի շատ ընտրախախտումներ եղել են կապված մարդկանց ուղղորդման եւ վարչական ռեսուրսի կիրառման հետ` Հանրապետական կուսակցության կողմից:

Դիտորդություն իրականացնող Ամերիկայի հայ իրավաբանների միության ատենապետ Կարո Ղազարյանը, գնահատելով ընտրությունները, ասաց, որ եղել են մասսայական ընտրախախտումներ, որոնք մեծապես ազդել են ընտրությունների վրա:

«Գյուղապետարանների շենքերի վրա դրոշներ, պաստառներ, եւ նաեւ ընտրության օրը բազմաթիվ անձինք մեքենաներով դիմավորում էին ընտրողներին և փոխանակումներ էին կատարում, տարբեր ավտոբուսներ` լցված քաղաքացիներով, ես ինքս ներկա եմ եղել որոշ հավաքների, որոնց ընթացքում մարդիկ պարզորեն արտահայտվում էին, որ ստացել են 5000, 15 000 դրամ», - ասաց Ղազարյանը:

Ամերիկայի հայ իրավաբանների միությունը նամակ է ուղարկել իշխանության ներկայացուցիչներին` պահանջելով ու խնդրելով ազատ եւ անկախ ընտրություններ ապահովել, նաեւ հույս հայտնելով, որ այս ընտրությունները անվավեր կճանաչվեն:

«Թող լինի երկրորդ փուլ առանց այդ խախտումների եւ ժողովրդի կամքով ընտրվի ժողովրդի նախագահը: Այս ընտրությունների արդյունքը չի ներկայացնում ժողովրդի կամքը», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանը, սակայն, նկատել էր, որ այս անգամ լրատվամիջոցները ավելի ազատ են գործել:

«Մեդիակենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանն էլ, ամփոփելով դիտորդների գնահատականները, ասում է, որ իսկապես կազմակերպությունները հակասական կարծիքներ են հնչեցնում եւ, օրինակ, ամենաղաղակող խախտումներից մեկը Արարատի մարզի 17/5 տեղամասում տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ են ներկայացնում: «Մեդիակենտրոնը» ընտրությունների ընթացքում մշտական կապի մեջ է եղել բոլոր տեղական դիտորդական կազմակերպությունների հետ:

«Փաստորեն այստեղ բավականին հակադիր իրավիճակ է ստացվում: Մեկը ասում է` լցոնման դեպք, մյուսը ասում է` լցոնման փորձ», - փոխանցեց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG