Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ Րաֆֆին վերադառնա պատրանքների աշխարհից իրականություն»


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

«Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ», - այսօր մամուլին փոխանցել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Արզումանյանը` անդրադառնալով երեկ Երեւանի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարություններին:

Հիշեցնենք, փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններում 37 տոկոս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հայտարարեց, թե ինքը «ընտրված նախագահ է», ապա Սերժ Սարգսյանին առաջարկեց մինչեւ այսօր երեկոյան ժամը 5-ը իրեն հանդիպել եւ «շնորհավորել ժողովրդի հաղթանակը», ինչպես նաեւ «միասին կազմակերպել իշխանության փոխանցումը հայ ժողովրդին»:

Արձագանքելով Հովհաննիսյանի այս առաջարկին` Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը այսօր ասել է. - «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգեւորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում»:

«Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում», - ասել է Արզումանյանը:

Այսօր ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հովհաննիսյանի հայտարարությանը արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ասելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետ պատրանքների աշխարհ է ընկել»:

«Կարծում եմ, ժամանակն է, որ Րաֆֆին վերադառնա պատրանքների աշխարհից իրականություն, անլուրջ հայտարարություններով հանդես չգա: Նրա հայտարարությունների թե տոնը, թե ձեւը, թե բովանդակությունը առնվազն անլուրջ եւ ծիծաղելի են», - ասաց նա:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը սահմանված կարգով պահպանված է հավաքների ազատությունը, բայց դա ունի սահման, այդ սահմանը մեր երկրի օրենսդրությունն է եւ Սահմանադրությունը: Քաղաքական ավանտյուրիզմի եւ քաջնազարության ժամանակները մեր երկրում անցյալում են», - հայտարարեց Շարմազանովը` արձագանքելով հարցին, թե մտահոգություններ չունեն, որ Հովհաննիսյանը կարող է զանգվածային բողոքի ակցիաներ նախաձեռնել Ազատության հրապարակում:

ՀՀԿ-ի խոսնակը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը հավաքել է 861 հազար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 530 հազար ձայն, այսինքն գործող նախագահը մոտ 300 հազարով ավելի շատ ձայն է ստացել, իսկ դա «շատ լուրջ թիվ է»: Շարմազանովը նկատեց, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ Սերժ Սարգսյանը 6 տոկոսով ավելի շատ ձայն է ստացել այս ընտրություններում: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ են բացատրում այն հանգամանքը, որ գործող նախագահը պարտություն կրեց իր մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, Շարմազանովն ասաց, թե դա բնական է եւ ցույց է տալիս երկրում առկա քաղաքական բազմակարծությունը:

«Մենք երբեք չենք ասել, որ մեր երկրում խնդիրներ չկան: Ես չեմ ցանկանում միայն Գյումրիի վրա կանգ առնել: Ուզում եմ Գյումրիի հակադարձել Երեւանը, այսինքն մայրաքաղաքը, որտեղ մշտապես ավելի շատ ընդդիմադիր էլեկտորատ ունի, քան մարզային բնակավայրերը, մայրաքաղաք Երեւանում մենք 10 տոկոսով ավելի շատ ձայն ենք հավաքել, քանի 2008-ին եւ 2013 թվականին ընտրությունների առաջին փուլում Երեւան մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք պարտվել ենք միայն Աջափնյակ եւ Արաբկիր համայնքներում», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «58.64 տոկոս ձայնը, մի երկրում, որտեղ կա սոցիալական մեծ բեռեւացում, լուրջ վստահության քվե է մեր թիմի համար եւ մեր նախագահի համար»:

Հարցին, թե հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններում մասնակցած մյուս ընդդիմադիր թեկնածուները, հնարավո՞ր է, որ որոշակի համագործակցության առաջարկ արվի նրան, Շարմազանովը պատասխանեց. - «Համագործակցությունը միայն պաշտոն բաժանելը չէ, պետք է լինի քաղաքական ծրագիր, ռազմավարություն: Մեր օրակարգում այս պահին նման հարց չի քննարկվել»:
XS
SM
MD
LG