Մատչելիության հղումներ

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով` նախագահի 8 թեկնածուներից 7-ի համար Facebook-ը հանդիսացել է նաեւ քարոզչական հարթակ:

Օրինակ, Արման Մելիքյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը բացի իրենց անհատական էջից բացել են այսպես կոչված Fun էջ ու նաեւ այս կերպ տեղեկացրել իրենց արածների ու անելիքների մասին: Թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործել է նաեւ QR կոդի հնարավորությունը: Իսկ գործող նախագահը համացանցում բավարարվել է հատուկ ընտրությունների համար պաշտոնական կայք բացելով:

Ըստ հետազոտության արդյունքների` ընտրության քարոզչական փուլի ավարտին ամենամեծ լսարանը Facebook-ում ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նա քարոզչությունը սկսեց շուրջ 8 հազար հավանողների բանակով եւ ամսի 16-ին նրա բանակը հասավ մինչեւ 15 հազարի», - նշեց Բաղդասարյանը:

Facebook-ում ամենաշատը Պարույր Հայրիկյանն է հաղորդագրություններ գրել ու անձամբ այդ կերպ դիմել իր ընտրազանգվածին, ինչպես նաեւ տեղեկացրել իր հաջորդ օրվա ծրագրերի մասին: Իսկ առանց ստատուսների աշխատել է Անդրիաս Ղուկասյանը:

Լարիսա Բաղդասարյանի խոսքով` թեկնածուները զերծ չեն մնացել նաեւ սեւ PR-ի մեթոդից. - «Ամենից ակտիվն այս առումով ու բազմաշերտ, այսինքն` բոլորի հասցեին արված սեւ PR-ի առումով առանձնանում է Արամ Հարությունյանը: Նա միակ թեկնածուն է, որը բացասական գնահատականներ եւ բացասական քարոզչություն, այսինքն` սեւ PR բառիս բուն իմաստով, վարել է մնացած բոլոր թեկնածուների հասցեին»:

Բաղդասարյանը նաեւ նշում է, որ թեկնածուները Facebook-ը օգտագործել են միմյանց քաղաքական կոչեր ու մեսիջներ ուղարկելու համար` դեմ առ դեմ հանդիպելու եւ զրուցելու փոխարեն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեկնածուները փոքր-ինչ համեստ են եղել Facebook-ում ինքնագովազդ իրականացնելու առումով: «Ամենից շատ ինքնագովազդ եղել է Հրանտ Բագրատյանի էջում՝ 40 դեպք, որից 25-ը եղել է PR այլ օգտատերերի կողմից, իսկ 15 անգամ թեկնածուն ինքն է դրական բնորոշել իր գործունեությունը, իր կարողությունները, հնարավորությունները, իր ծրագիրը` որ իսկական ծրագիր է, տնտեսական հենքի վրա կառուցված ծրագիր է, իսկ մնացած թեկնածուները չունեն ծրագիր եւ այլն», - ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը:

Բաղդասարյանի խոսքով` իրականում լռության օրվա փաստացի խախտման դեպքեր Facebook-ում եղել են թե' լրագրողների, թե' խմբագիրների եւ թե' թեկնածուների կողմից, սակայն դրանք խախտում համարել նա դժվարացավ, քանի որ օրենքով նախատեսված սահմանափակումներ Facebook-ի համար գոյություն չունեն:

Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան` փետրվարի 18-ին, ապա այդ օրը Facebook-ում պասիվ են եղել Վարդան Սեդրակյանն ու Արամ Հարությունյանը, իսկ ամենաշատ հաղորդումները եղել են Րաֆֆի Հովհաննիսյանի էջում: Դրանք վերաբերել են ընտրակաշառքներին, ընտրակեղծիքներին եւ վարչական ռեսուրսի օգտագործմանը:

Թեկնածուների հետընտրական ֆեյսբուքյան գործունեությանը Բաղդասարյանը խոստացավ անդրադառնալ մեկ-երկու շաբաթից:
XS
SM
MD
LG