Մատչելիության հղումներ

ՀՅԴ. «Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին»


Դաշնակցության դրոշը կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին», - այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը` իր գնահատականները ներկայացնելով Հայաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ։

«Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի եւ իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը», - ասված է Դաշնակցության հայտարարությունում։ - «Ժողովրդի ընդվզումը երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի եւ բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության եւ նրա` վերեւից ներքեւ ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում»:

«Խորհրդարանական ընտրություններին իշխանության կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին այս անգամ շատ տեղամասերում գումարվեցին նաեւ համակարգված խախտումները ձայների հաշվարկման ժամանակ», - ընդգծում է Դաշնակցությունը։ - «Արդյունքների ամփոփումը ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի»:

Կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն եւ դժվար որոշումներ են պարտադրում` ե՛ւ գործող իշխանությանը, ե՛ւ հիմնական մրցակից թեկնածուին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին, ե՛ւ հասարակության ակտիվ հատվածին:

«Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը չպետք է ոտնահարվի», - հայտարարում է Դաշնակցությունը` վստահեցնելով, որ ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից:

«Մենք պարտավոր ենք գիտակցել պահի լրջությունը եւ ելքեր որոնել: Սա ծանր, բայց անխուսափելի աշխատանք է, որ պարտավոր ենք անել միասին: Մենք պարտավոր ենք արժանի լինել մեր ժողովրդին», - շեշտում է Դաշնակցության գերագույն մարմինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG