Մատչելիության հղումներ

Հայոց կաթողիկոսները շնորհավորել են Սերժ Սարգսյանին


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցությամբ երեկ այցելել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վեհափառը նախագահին նաեւ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. - «Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին եւ գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում ողջունել է նրա վերընտրությունը եւ այդ առիթով եւս մեկ անգամ վստահեցրել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ զորավիգ կլինի եւ կքաջալերի նրան՝ ի նպաստ Հայաստանի հզորացման, Հայաստան - Սփյուռք գործակցության առավել սերտացման, Հայաստանի հարատեւ բարգավաճման եւ հայ ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման:

«Արդարեւ, Ձեր նախագահության առաջին շրջանում, հակառակ Հայաստանի դիմագրաված ներքին եւ արտաքին բազմաթիվ դժվարություններին, Ձեզ հաջողվեց Ձեր տքնաջան աշխատանքով, ամուր վճռակամությամբ ու ճկուն քաղաքականությամբ ոչ միայն շրջանցել մի շարք դժվարություններ, այլ նաեւ կարեւոր իրագործումներով հարստացնել մեր հայրենիքի արդի պատմությունը: Վստահ ենք, որ Ձեր նախագահության երկրորդ շրջանում եւս պիտի ջանաք լավագույնս արդարացնել մեր ժողովրդի արտահայտած վստահությունը՝ առավել նախանձախնդրությամբ ու ամբողջական հանձնառությամբ կատարելով Ձեզ վստահված առաքելությունը», - ասված է Արամ առաջինի ուղերձում:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, Պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը եւս շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: «Վստահ ենք, որ քվեարկողների մեծամասնության քվեների Ձեր անձի վրա կենտրոնացումը պատահական չէր, այլ դա որքան նրանց վստահության արդյունքն էր, նույնքան դեպի ապահով Հայաստանի ճանապարհի նրանց ակնկալիքները, որով պիտի հատկանշվի Ձեր առաջիկա հինգ տարիների պաշտոնավարման շրջանը», - իր շնորհավորական ուղերձում նշել է Ներսես Պետրոս 19-րդը՝ վստահություն հայտնելով, որ Սարգսյանը հաջողությամբ կիրագործի Հայաստան - Սփյուռք - Արցախ եռամիասնությամբ սահմանված համազգային նպատակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG