Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները ներկայացրեցին նախնական եզրակացությունները


Ակտիվիստները ընդհատեցին դիտորդների ասուլիսը
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունները երեքշաբթի օրը ներկայացրին նախնական հանգամանքների եւ եզրակացությունների վերաբերյալ իրենց հայտարարությունը:

«ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն: Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը` տրամադրելով հավասակշիռ լուսաբանում: Միաժամանակ վարչական միջոցների չարաշահումը եւ ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են: Ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից», - ասված է հայտարարությունում:

Միջազգային դիտորդները «սահմանափակ» են գնահատում քարոզարշավը. - «Գործող նախագահի քարոզարշավն ամենաակտիվն էր եւ տեսանելին: Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում` ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբերի գտնվելու մի քանի դեպքերն աղավաղել են պետության եւ իշխող կուսակցության բաժանումը»:

Իսկ քվեարկության օրը, ըստ հայտարարության, անցել է «հանգիստ եւ խաղաղ», բայցեւ արձանագրվել են «մի շարք լուրջ ընտրախախտումներ». - «Բազմաթիվ դեպքերում դիտարկվել է, թե ինչպես ընտրատեղամասերից դուրս Հանրապետականի կողմնակիցները ուղղորդում էին ընտրողներին»:

Արձանագրվել են նաեւ ընտրողների վրա սպառնալիքի եւ ճնշում գործադրելու դեպքեր: Դիտորդները նշել են նաեւ ընտրակաշառքի հնարավոր դեպքեր:

Արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ. խմբակային քվեարկություն (6 տոկոս), ցուցակներում նույնանման ստորագրությունների առկայություն (3 տոկոս), բազմակի քվեարկության դեպքեր (2 տոկոս):

Միջազգային դիտորդները զեկուցել են նաեւ լցոնման հնարավոր 4 դեպքի մասին:

«Ընտրողների անձնագրերում դրվող հատուկ կնիքի թանաքը, որը բազմակի քվեարկության դեմ երաշխիք է եւ պետք է պահպանվի 12 ժամ, հեշտությամբ մաքրվել է` չնայած ԿԸՀ-ի նախնական փորձարկումներին», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ միջազգային դիտորդները ասուլիս էին հրավիրել: ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավար Կարին Ուոլսեթը հայտարարեց, թե անկասկած բարելավում է արձանագրվել 2008-ի ընտրական գործընթացի համեմատությամբ:

«Մենք առաջընթաց ենք արձանագրել բազմաթիվ ոլորտներում` լրատվական դաշտում, լրատվամիջոցների ազատության եւ խոսքի ազատության ոլորտներում», - նշեց Ուոլսեթը` հավելելով, որ 60-64 տոկոս մասնակցությունը վկայում է, որ մարդիկ ցանկանում են գնալ ընտրատեղամաս ու քվեարկել:

Ընտրացուցակների առնչությամբ Կարին Ուոլսեթն ասաց, թե ուրախ է, որ այս անգամ ստիպված չեն շատ սխալներ մատնանշել:

Նա հայտարարեց, որ երեկ ավարտված ընտրությունները համարում է «մրցակցային». - «Այն, որ հիմնական [ընդդիմադիր] կուսակցությունները որոշել են թեկնածուներ չառաջադրել, դուք պետք է մեղադրեք այդ կուսակցություններին»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայլի Թալիավինին նշեց, թե համամիտ է գործընկերների կարծիքին, որ թեկնածուներն ազատորեն քարոզարշավ անելու հնարավորություն են ունեցել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Թալիավինին ընդգծել է դրական տեղաշարժերը մամուլի ազատության առումով` հավելելով, թե ընտրությունները պակաս մրցակցային էին այն առումով, որ մյուս կուսակցությունները չէին մասնակցում:

Միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների ասուլիսն անսպասելիորեն ընդհատվեց մի խումբ ակտիվիստների կողմից, ովքեր հանդես եկան սեփական հայտարարությամբ, թե ընտրությունների օրը ընտրատեղամասերը վերածվել էին «թատերական հարթակի»` հորդորելով ամեն անգամ իրենց գնահատականներով չլեգիտիմացնել հայաստանյան ընտրությունները:
XS
SM
MD
LG