Մատչելիության հղումներ

Մարկեդոնով. «Ադրբեջանի իշխանությունը կարող էր օգտվել Այլիսլիի շուրջ սկանդալից»


Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվ

Բաքուն հայերին վերաբերող որեւէ խնդրի չի կարողանում համարժեքորեն արձագանքել, ընդգծում է վերլուծաբանը։

«Ադրբեջանական իշխանությունները կարող էին օգտվել արձակագիր Աքրամ Այլիսլիի շուրջ ծագած սկանդալից` սեփական իմիջը բարելավելու համար, սակայն դա չարեցին», - համոզված է Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստված մեկնաբանության մեջ փորձագետը նկատում է, որ պաշտոնական Բաքուն հայերին վերաբերող որեւէ խնդրի չի կարողանում համարժեքորեն արձագանքել:

«Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում զգալի հաջողությունների հասավ: Երկիրը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, զարգացնում է կապերն Արեւմուտքի հետ էներգետիկ ոլորտում, միջազգային ասպարեզում ընկալվում է որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր: Բայց ինչ վերաբերում է «հայկական հարցին», ապա այստեղ Բաքուն ակնհայտորեն ստեղծագործական մոտեցման պակաս է զգում: Այլիսլիի նկատմամբ իշխանությունների դրական վերաբերմունքը կարող էր նաեւ որպես դրական ազդանշան ընկալվել Լեռնային Ղարաբաղի հայերի համար, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես Ադրրբեջանի քաղաքացիներ: Նման ազդանշան, սակայն, այդպես էլ չհնչեց», - նշում է վերլուծաբանը` նկատելով, որ թեեւ Բաքվում որոշ հայտարարություններ հնչեցվեցին ի պաշտպանություն Այլիսլիի, սակայն արձակագրի դեմ սկիզբ առած արշավին հետեւած հակազդեցությունն այնքան էլ հզոր չէր:

«Այդպիսով մենք եւս մեկ հավելյալ ապացույցը ստացանք այն իրողության, որ ոչ միայն իշխանությունները, այլեւ շարքային ադրբեջանցին պատրաստ չէ ձգձգված այս հակամարտության կարգավորմանը», - ընդգծում է Մարկեդոնովը։

Վերլուծաբանի պնդմամբ` իրավիճակը Հայաստանում եւս գրեթե նույնն է: «Քարե երազներ»-ի շուրջ ծագած պատմությունը ի ցույց դրեց նաեւ հակառակ կողմի` փոխզիջումների գնալու անպատրաստ լինելը: Հայ գրողներից, հրապարակախոսներից ու հասարակական գործիչներից շատերը Այլիսլիի քաղաքացիական պահվածքից խանդավառվել էին: Հայկական կողմից, սակայն, համարժեք պատասխան չհնչեց: Հայաստանում ասում են` «ի՞նչ է, մենք պետք է ամեն մի նման ստեղծագործությանը պատասխանենք ապաշխարող վեպո՞վ», - նշում է Սերգեյ Մարկեդոնովը:
XS
SM
MD
LG