Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի հաղթանակը Շիրակում ՀՀԿ-ականների համար անակնկալ էր


Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Ընտրությունների նախնական արդյունքներով Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 67 805 քվե, Սերժ Սարգսյանը` 56 729: Իսկ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2.5 անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան գործող նախագահը` համապատասխանաբար` 69.5 եւ 27 տոկոս:

Գյումրիում սա երկրորդ համապետական ընտրությունն է, որ իշխանությունները պարտվում են: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականը Շիրակի մարզում հաղթել էր, սակայն Գյումրիում մոտ երկու անգամ ավելի պակաս քվե էր ստացել, քան «Բարգավաճ Հայաստան»-ը:

Հանրապետականների համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի պարտությունը Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում:

Հանրապետականի տեղի պատասխանատուներից Սուքիաս Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Չնայած որ իրոք շատ ծավալուն աշխատանք էր կատարվել Գյումրիում տարբեր բնագավառներում բնակչության հոգսը թեթեւացնելու համար, բայց կարծես թե ամենածանր հոգսը, որ մնում բնակչության մոտ` գործազրկությունը, սոցիալական անապահով վիճակը, կարծես դա արտահայտություն գտավ ընտրության արդյունքում: Այսինքն մարդիկ շատ պատրաստակամ գնացին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, բայց դրա դիմաց իրենց դժգոհություն փորձեցին հայտնել քվեարկությունով` իրենց էսօրվա վիճակի հետ կապված»:

Սուքիասյանը ասաց` նման արդյունք չէին սպասում:

«Մտածում էինք, որ դժգոհ մարդիկ կան, որոնք ինչ-որ թեկնածուի, իսկ այդ թեկնածուն այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, շուրջ պիտի համախմբվեին: Բայց նման համամասնություն, ճիշտն ասած, չէինք սպասում», - ասաց Ավետիսյանը:

Չնայած Գյումրիում տարած հաղթանակին` Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային նախընտրական շտաբը մի քանի տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու մտադրություն ունի: Ահազանգում են, որ խախտումներն եւ ճնշումներ են եղել վստահված անձանց եւ տեղամասային հանձնաժողովների` «Ժառանգության» ներկայացուցիչների նկատմամբ:

«Այսօր հանձնաժողովի անդամներից մեկը, որը երիտասարդ կին է, ասաց, որ իրեն ահաբեկել են, որ աշխատանքից կհանեն, նման բաներ: Տարբեր հոգեբանական ճնշումներ, ահաբեկումներ… կարողացել էր դիմակայել եւ բավականին նորմալ արդյունքներ էին գրանցվել, եւ դա միակ տեղամասը չի եղել», - ասաց Հովհաննիսյանի մարզային շտաբի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը:

Մարզային շտաբի պատասխանատուն, խոսելով Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի մասին, ասաց` «երեւի ժողովուրդը ճիշտ է հասկանում իրադրությունը»:

«Սա նաեւ մեր մարզային, քաղաքային մենթալիտետն է, որ մենք թասիբով ժողովուրդ ենք, մենք ցույց տվեցինք, որ մենք քաղաքի տերն են, մեր անվան տերն ենք», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG