Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իլյա երկրորդին


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ
Երեկ տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի եւ որպես Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք գահակալության 35-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:

Ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում քննարկվել են հայ - վրացական հարաբերություններին առնչվող կարեւորագույն հարցեր, արձանագրվել է երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարեւորությունը:

Մանուկյանը եւ Իլյա երկրորդն անդրադարձել են նաեւ միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովմանը եւ հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար եւ հույս հայտնել, որ երկու ժողովուրդների եւ եկեղեցիների միջեւ ձեւավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության եւ փոխըմբռնման պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG