Մատչելիության հղումներ

Գյումրիում միջադեպ «Ժառանգության» եւ ՀՀԿ պատգամավորների միջեւ


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ

Երկու պատգամավորները վիճաբանել են, բանը հասել է նրանց ոստիկանություն տանելուն։

Երեկ ժամը 18-ի սահմաններում Գյումրիի թիվ 34/36 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը ահազանգել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ, որ դիտորդական առաքելություն իրականացնող «Ժողովրդավարության ակադեմիա» կազմակերպության դիտորդները ընտրության ներկայացած անձանց տվյալները հեռախոսով փոխանցում են ինչ-որ մեկին։

Ահազանգով տեղամաս է այցելել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Հովհաննիսյանի վստահված անձ Ռուբեն Հակոբյանը։

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը պնդում է, որ պատգամավորը սպառնացել եւ ահաբեկել է հանձնաժողովի անդամներին։

«Ռուբեն Հակոբյանը ներս մտավ բղավելով, բարձր տոնով, հետո` «ես բոլորիդ հերը կանիծեմ, ես բոլորիդ ինչ կանեմ, իրավապահ մարմիններին կդիմեմ, կկանչեմ, տեսեք ձեզ...», մեր անձը վիրավորեց` հանձնաժողովի անդամներին, դիտորդներին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սարգսյանը։

Ռուբեն Հակոբյանը ահաբեկելու մասին հանձնաժողովի նախագահի հայտարարությանը այսպես արձագանքեց. - «Ես չեմ ահաբեկել, առավել եւս` Գյումրիում, եթե ես կարողացել եմ գալ այստեղ, հինգ-վեց տղամարդու միանգամից ահաբեկել, եւ այդ մարդիկ ահաբեկվել են... Ես ուղղակի ասել եմ, որ «դուք վատ բանով եք զբաղված, հակաօրինական գործողություններով», իրենք ինչ-որ բաներ են ասել` ես էլ իրենց տոնով պատասխանել եմ իրենց, ընդամենը»։

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին «օգնության» է եկել մեկ այլ պատգամավոր` հանրապետական Սուքիաս Ավետիսյանը։ Երկու պատգամավորները վիճաբանել են, բանը հասել է նրանց ոստիկանություն տանելուն։

«Նախահարձակ եղավ, շտապ Սուքիաս Ավետիսյանի հետ պայմանավորվեցին, զանգահարեցին ոստիկանություն, ոստիկանության մի քանի բարձրաստիճան մարդիկ եկան, ինձ հրավիրեցին։ Ես կարող էի չգնալ, բայց գնացի։ Բացատրեցի նաեւ, որ «դուք պարտավոր եք հսկել օրինականությունը, որը չեք անում, այլապես այստեղ դա տեղի չէր ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ռուբեն Հակոբյանը։

Ի պատասխան հարցի` նա հաստատեց, որ վիճաբանություն եղել է. - «Հա, վիճաբանել ենք, այո, ասեց` «դու այստեղից նույնիսկ կենդանի չես գնա», բայց դե ծիծաղեցի, ծիծաղեցի, որովհետեւ հետ եմ վերադարձել` տեսնեմ ինչ պետք է անեն, ինքը այստեղ չի այլեւս, բայց էսպես խիստ տեսք տալով իրեն` ասեց, որ «կենդանի չես գնա»։

Այն հարցին` դիմե՞լ է արդյոք իրավապահներին, որ նման սպառնալիք է եղել իր հասցեին, «Ժառանգության» պատգամավորը արձագանքեց. - «Չէ, դեռ ես ժամանակ կունենամ դրան անդրադառնալու»։

Սուքիաս Ավետիսյանը այսպես արձագանքեց. - «Ես չգիտեմ` ով է էդպես բան ասել, համենայն դեպս, ես նման բան ինձ թույլ չեմ տա ասի։ Ինքը պիտի փորձի հիմի տարբեր բաներ անի, բայց ինքը ավելի լավ է պատասխան տա, թե ի՞նչ հիմքով է մարդկանց վրա, կանանց վրա մատ թափ տալիս։ Թող ինքը դրա պատասխանը տա եւ ոչ թե փորձի հերյուրանքներ հերթական անգամ տարածել»։

Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` միջադեպի քննությունը կիրականացնի Հատուկ քննչական ծառայությունը։
XS
SM
MD
LG