Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհակալ է հասարակությանը


«Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը», - հայտարարել է գործող նախագահը երեկվա քվեարկության ավարտից ժամեր անց։

«Շնորհակալ եմ իմ ընտրողներին, շնորհակալ եմ մեր հասարակությանը», - հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից ժամեր անց կարճատեւ ելույթ ունենալով իր գլխավորած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական ընտրական շտաբում։

«Այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել եւ ճիշտ որոշումներ կայացնել», - հայտարարել է Սարգսյանը, ով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով, հաղթանակ է տարել ընտրություններում։

«Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը։ Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին», - ասել է նախագահը իր ելույթում, որը հրապարակել է նրա ընտրական շտաբը։

«Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով, եւ այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն», - նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարեւորությունը եւ համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ»:

Նա շնորհակալություն է հայտնել իր մրցակիցներին՝ «Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել»։ «Եվ ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցելը», - հավելել է Սարգսյանը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, «ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին` լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը», իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, «ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու ե՛ւ իրավունքը, ե՛ւ հնարավորությունները»:

«Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին` այդ թվում նաեւ մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, եւ դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետեւ ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, եւ մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը», - ընդգծել է նախագահը։

«Ես հպարտ եմ եւ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, եւ մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ», - իր ելույթը ամփոփել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG