Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է»


Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը քվեարկության ավարտից ժամեր անց։

Հայ ժողովուրդը նշում է առաջին հաղթանակը 20 տարվա մեջ, հայ ժողովուրդը հաղթել է։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կեսգիշերին մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին գործող նախագահ Սերժ Սարգսյանին. ինքը կմնա պատմության գրքերում եւ ինքը մեծ ծառայելիք ճանապարհ ունի մեր ժողովրդի նկատմամբ ապագա տարիների ընթացքում։ Բայց հենց ինքն է առաջին նախագահը 20 տարվա ընթացքում, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է», - հայտարարեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ոչ թե Րաֆֆին հաղթել եւ Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել եւ պետություն։ Եվ հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության»։

«Ես այլեւս հորդորով հանդես չեմ գա։ Պարզապես ասում եմ` ով խեղում է հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու ձայնը` պատասխան է տալու», - ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը։

«Հինգ տարի հետո ես վերընտրություն չեմ հետապնդելու, որքան էլ ընտանիքս կամ գործընկերներս, «Ժառանգություն»-ը դժգոհի։ Հինգ տարի հետո պիտի ունենանք ազատ, արդար ընտրություններ, եւ ես իշխանությունը փոխանցելու եմ նոր սերնդին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. - «Այսօր ազատ չէ, այսօր արդար չէ, այսօր հետխորհրդային վերտիկալը, վախը, սպառնալիքը, կեղծիքը էլի գործեց, բայց դրանք հայկական արժեքներ չեն, դրանք հայաստանյան արժեքներ չեն»։

«Ինձ պետք է միայն հայ ժողովրդի հետ հինգ տարի ծառայել, որ մենք ունենանք վերադարձի հայրենիք, իրավունքի հայրենիք, նոր Հայաստան։ Եվ սա արդեն նախընտրական ճառ չէ` սա արդեն հետընտրական է», - հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածուն։

Րաֆֆի Հովհաննիսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին` խոստանալով բոլոր հարցերին անդրադառնալ երեքշաբթի երեկոյան Ազատության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG