Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ի մամուլ


«Առավոտ»-ը գրում է. - «Իշխանության տարբեր մարմիններն այս անգամ էլ չեն կարողացել խուսափել զանազան «ավանդական» օրինախախտումներից, չեն հրաժարվել «տեղական հեղինակությունների» կամ «մայլի տղերքի» ծառայություններից, ինչը, բնականաբար, ստվերել է ընտրությունների ընթացքը: Թե որքանով էին այդ խախտումները համակարգված եւ վերեւից հրահանգավորված՝ ցույց կտան դատախազության եւ ոստիկանության գործողությունները՝ կոծկվելու դեպքում կասկածներն ավելանալու են»: Իսկ իբրեւ դրական դրսեւորում թերթն ընդգծում է. - «Նախընտրական շրջանում իշխանությունը որեւէ սահմանափակում չի դրել իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների (նախեւառաջ, իհարկե, հեռուստաընկերությունների) առջեւ՝ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավը լուսաբանելու համար՝ որոշակի քայլ կատարելով դեպի հավասար հնարավորություններ ապահովելու արեւմտյան ստանդարտ: Իշխանությունը նաեւ չի զբաղվել ընդդիմության հասցեին հակաքարոզչությամբ, որի սանձարձակ դրսեւորումներին մենք ականատես էինք նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, մասնավորապես՝ 2008-ին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն ընդհանրացնում է. - «Այսպիսով, նախագահական ընտրությունները Հայաստանում ընթացան սովորականի պես, այսինքն` համատարած կեղծիքներով: Էլի «սխալ» թանաք էին ընտրել, էլի ընտրակաշառք էին բաժանում, էլի մարդիկ քվեարկում էին ուրիշների փոխարեն եւ այլն: Սա, ի դեպ, կարելի է համարել այս ընտրությունների հիմնական «սյուրպրիզը», որովհետեւ իշխանություններն այս անգամ կարծես թե այդ այլանդակությունների կարիքը չունեին: Ուրեմն ինչո՞ւ այնուամենայնիվ որոշեցին ռիսկի չդիմել եւ կեղծել ընտրությունները»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Լիակատար ձախողմամբ ավարտվեցին նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին բռնապետի դերում ներկայացնելու արմատական ընդդիմության եւ նրանց քարոզիչների համառ փորձերը։ Կարելի է օրական հարյուր անգամ ամպագոռգոռ հայտարարություններ անել «հանցավոր վարչախմբի» եւ «ավազակապետության» մասին, բայց դրանից դեռ ոչ ոք բռնապետ չի դարձել։ Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը իր ողջ գործունեությամբ վաղուց եւ համոզիչ կերպով ապացուցել է, որ բռնապետի պիտակն իրեն բացարձակապես բնորոշ չէ։ Եվ, բնականաբար, որպես այդպիսին նա երբեք չի ընկալվել նաեւ երկրի սահմաններից դուրս, միջազգային հանրության կողմից»։

«Հրապարակ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Կեսգիշերին դեռ իրական պատկերը պարզ չէր: Ոմանք պնդում էին, որ երկրորդ փուլն անխուսափելի է: Բայց մենք Հայաստանում ենք ապրում, եւ պարզ է, որ պատրանքներ փայփայել պետք չէ: Ամեն դեպքում՝ արձանագրենք, որ մեր ժողովուրդն այնքան հնազանդ ու ստրուկ չէ, որքան ուզում են անընդհատ համոզել մեզ: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանի «խփած» թվերը ոչ այնքան իր հաղթանակն են, որքան Սերժ Սարգսյանի պարտությունը, ինչից իշխանությունը պետք է լրջագույն հետեւություններ անի»:

«Ազգ» թերթը գրում է. - «Անկախ Հայաստանի նախագահական վեցերորդ ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում էին, այո: Նախ նրանով, որ սոցիալական ցանցերն ու ստվարացած բաց լրատվամիջոցները, հատկապես արագ արձագանքող ցանցային ԶԼՄ-ների առկայությունը դժվարացրել էին ընտրակեղծիքները: Բացի դրանիցՙ ընդդիմադիր եւ այլընտրանքային խորհրդարանական ուժերը թեկնածու չէին առաջադրել գործող նախագահին` ՀՀԿ լիդերին առանձնապես դժվարհաղթելի մրցակցից զրկելով փաստորեն: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը քարոզարշավի ընթացքում փորձ էին անում լրացնել այդ բացը իրենց ակտիվ քարոզարշավով»: «Այսպես թե այնպես, ընտրություններն ավարտվեցին առանց միջադեպերի, հետեւում էին հազարավոր դիտորդներ, ու գոնե որպես առաջին գնահատական կարող ենք ասել, որ նախագահական ընտրությունները կայացան», - ամփոփում է «Ազգ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG