Մատչելիության հղումներ

ԿԸՀ. Նախնական արդյունքներով հաղթել է Սերժ Սարգսյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա տիկին Ռիտա Սարգսյանը ընտրատեղամասում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա տիկին Ռիտա Սարգսյանը ընտրատեղամասում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց ձայների հաշվարկը Հայաստանի բոլոր 1988 ընտրատեղամասերում` արձանագրելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Նախնական տվյալների համաձայն, իշխող Հանրապետականի թեկնածուն վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, ըստ նախնական արդյունքների, ստացել է քվեների 36,75 տոկոսը:

Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին. երրորդ տեղը գրաված Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների շուրջ 2 տոկոսը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարում է ընտակեղծիքների ու խախտումների մասին: Կեսգիշերից առաջ հրավիրված ասուլիսում Հովհաննիսյանը նշել է, որ այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը: «Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին, եւ առաջին հերթին` գործող նախագահ Սերժ Սարգսյանին այն ավանդի համար, որ նա ունեցել է Արցախյան ազատամարտում, պետական շինարարության մեջ: Նա մեծ ճանապարհ ունի, բայց հենց ինքն է, որ առաջին անգամ քսան տարվա մեջ պետք է ընդունի, որ հայ ժողովուրդը հաղթել է, ազգ է դարձել եւ պետություն»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուն միաժամանակ հորդորել է իր համակիրներին խուճապի չմատնվել, սադրանքների չենթարկվել:

Ժամեր անց այս հայտարարությանն արձագանքել է թեկնածու Սերժ Սարգսյանի Կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը` պնդելով, թե համամիտ է ընդդիմադիր թեկնածուի հետ: «Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ», - հայտարարում է Սերժ Սարգսյանի շտաբը եւ հորդորում «առանց շտապողականության եւ շահարկումների ավարտել քվեների հաշվարկման գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները եւ շարժվել առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG