Մատչելիության հղումներ

«Մեդիակենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանը ասում է, որ ամենաղաղակող խախտումները արձանագրվել են Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում:

«Մեդիակենտրոնը» մշտական կապի մեջ է ընտրություններին մասնակցող բոլոր տեղական դիտորդական կազմակերպությունների հետ:

«Ամենակնառու խախտումը տեղի է ունեցել 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասում, որտեղ լցոնման բավական կոպիտ դեպք է գրանցվել: Մոտ 50 տղամարդիկ մտել էին տեղամաս, խոչընդոտելով դիտորդների աշխատանքը, թույլ չտալով որեւէ կերպ նկարահանել, անգամ ձեռքերը բռնելով, լցոնել էին 300-400 քվեաթերթիկ», - ասաց Աբրահամյանը:

Այս խախտումը, ըստ «Թրանսփարանսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի, հանձնաժողովի կողմից չի գրանցվել, ասում է Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի` եւս մեկ աղաղակող խախտում գրանցվել է Մարտունիում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» տեղական դիտորդական կազմակերպության ղեկավարը բաց քվեարկության դեպքեր է արձանագրել:

«Դիտորդը ասել էր, որ 24/05 տեղամասում արձանագրել էր բաց քվեարկության դեպք, բոլորը գալիս էին, քվեարկում էին, քվեաթերթիկը ցույց էին տալիս հանձնաժողովի անդամներին, նոր գցում էին քվեատուփի մեջ», - փոխանցեց «Մեդիակենտրոնի» համակարգողը:

Տեղական դիտորդները նաեւ նշում են, որ այս ընտրություններում նախորդների համեմատ ընտրատեղամասերում դիտորդները եւ վստահված անձինք շատ քիչ են:

«Շատ քիչ տարածքներում կային միայն Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանի վստահված անձանցից: Սա շատ կարեւոր տպավորություն էր, փաստորեն կար մրցակցության բացակայություն», - ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Ըստ Իշխանյանի, թեեւ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, սակայն այս ընտրությունները ավելի հանգիստ են անցնում:

«Այն աժիոտաժը, այն վեճերը եւ այլն, որ նախորդ ընտրությունների ժամանակ համարյա բոլոր տեղերում էին, այս անգամ չկա: Մթնոլորտը լարված չէ», - ասաց նա:

Նույն կարծիքը արտահայտեց նաեւ «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը:

Գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ Արթուր Դավթյանի խոսքով` միայն Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով է նախընտրական շրջանում քրեական գործ հարուցվել: Այսօր ստացված եւ նախորդ ընտրական ընտրական խախտումների վերաբերյալ համապատասխան քննություն է ընթանում:

«Ընտրական գործընթացի մասնակիցների` դիտորդների, վստահված անձանց լիազորությունների խոչընդոտելու դեպքեր են եղել: Եղել են ընտրողի ազատ կամքի արտահայտման դեպքեր, ընտրակաշառքի բաժանելու դեպքեր: Եղել են նաեւ անձնագրային տվյալների հավաքման վերաբերյալ համապատասխան հաղորդումներ, կրկնակի գրանցումների վերաբերյալ հաղորդումներ են եղել: Այսօրվա, բնականաբար, ավելացել են քվեարկության օրվան բնորոշ որոշակի հաղորդումներ մեկից` ավելի քվեարկություն, այլ անձի փոխարեն քվեարկություն, որոշակի ընտրական խախտումներ ընտրական հանձնաժողովի կողմից չարձանագրելու դեպքեր եւ այլն: Ներկայումս իրականցվում է համապատասխան քննություն», - ասաց Դավթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG