Մատչելիության հղումներ

logo-print

Ղուկասյանը կմիանա «քաղաքացիական անհնազանդություն հայտնող քաղաքացիներին»


«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այսօր զրուցել է արդեն 29-րդ օրը հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ:

«Ազատություն». - Պարոն Ղուկասյան, ինչո՞վ է պայմանավորված քվեարկությանը չմասնակցելու Ձեր որոշումը:

Ղուկասյան. - 29-րդ օրն է հացադուլի, պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեմ քվեարկությանը մասնակցել, իմ ընտանիքի անդամները քվեարկել են:

«Ազատություն». - Պարոն Ղուկասյան, ձեր պայքարը, հացադուլը արդյունք տվե՞ց:

Ղուկասյան. - Դեռ շուտ է ամփոփել արդյունքները, սպասենք վաղը դիտորդների գնահատականներին, իմ պահանջներից մեկը այն է, որ դիտորդները օբյեկտիվ գնահատական տան այս ընտրություններին, միայն դրանից հետո կդադարեցնեմ հացադուլը:

«Ազատություն». - Եթե դիտորդական առաքելության գնահատականը դրական լինի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

Ղուկասյան. - Անկախ նրանից թե ինչ կլինեն դիտորդների գնահատականները, ես միանալու եմ այն քաղաքացիներին, ովքեր հայտարարելու են քաղաքացիական անհնազանդություն, որովհետեւ գտնում եմ, որ ազնիվ, քաղաքացիական դիրքորոշումը այն է, որ չենթարկվել ոչ լեգիտիմ ճանապարհով ձեւավորված պետական իշխանության մարմնին, եւ քաղաքացիական անհնազանդությունը հենց այն քաղաքական դրսեւորումն է, որն իմ կարծիքով` հնարավորություն կտա համատեղ ջանքերով քաղաքական եւ քաղաքացիական ուժերի մի համատեղ ճակատ ստեղծել ընդդեմ ոչ լեգիտիմ իշխանությունների:

«Ազատություն». - Ի՞նչ ձեւաչափերով կարող է դրսեւորվել այդ քաղաքացիական անհնազանդությունը:

Ղուկասյան. - Դա արդեն կախված կլինի այդ ուժերի համատեղ որոշումներից, ես չեմ ուզում իմ անձնական կարծիքը ասել: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ մինչեւ հանրությունը չցուցաբերի իր կամքը` չենթարկվել այս քրեաօլիգարխիկ համակարգին, որեւէ բան փոխել մեր երկրում անհնար կլինի:

«Ազատություն». - Դուք հայտարարել եք, որ ոչ մի պարագայում չեք ճանաչի ընտրությունների արդյունքները: Սակայն կանխատեսում եք` ի՞նչ արդյունք կարող է լինել:

Ղուկասյան. - Նույնիսկ չեմ ծանրաբեռնում ինձ այդ ուղղությամբ: Անցյալ ընտրություններին, երբ Սերժ Սարգսյանը «հավաքել» էր 850 հազար ձայն, ենթադրում եմ, որ պրեստիժի գաղափարների թույլ չեն տա ՀՀԿ-ին ավելի պակաս ձայն ցույց տալ: Ուստի ենթադրում եմ, որ 900 հազար քվե իրենք իրենց այդ արձանագրության մեջ կձգտեն ցույց տալ: Թե ինչպես են այդ քվեները հավաքում, արդեն իմ կարծիքով բոլորին տեսանելի է` նորից ընտրակաշառք, նորից հարկադրանք... Ինչպես տեսնում ենք, իրավապահ մարմինները անզոր են որեւէ բան կատարել: Շինծու ընտրությունների իրողությունն է, ոչ մեկի համար նոր բան չկա:

«Ազատություն». - Որպես քաղաքագետ` ի՞նչ եք կարծում` ընդդիմադիր թեկնածուների մասով ետընտրական զարգացումներ հնարավոր են:

Ղուկասյան. - Որպես քաղաքական գործիչ կպատասխանեմ, որովհետեւ Հրանտ Բագրատյանի հետ քննարկել ենք այս հարցը, տեսնում ենք անհրաժեշտություն ընդվզում պահելու: Հանրությանը չի կարելի այս վիճակում թողնել առանց ակտիվ գործողությունների: Կարծում եմ, որ մյուս թեկնածուները նույնպես պիտի որ բողոքարկեն այս դրությունը, չընդունեն այն, ընդվզեն: Չեմ պատկերացնում որեւէ թեկնածուի, որ այսքանից հետո կարող է գնալ եւ շնորհավորել Սերժ Սարգսյանի հաղթանակը:

«Ազատություն». - Նրանց հետ համագործակցություն հնարավո՞ր է:

Ղուկասյան. - Բնականաբար, որպեսզի քրեաօլիգարխիկ համակարգը հաղթահարվի, անհրաժեշտ է բոլոր ուժերի համադրում` քաղաքական, քաղաքացիական եւ պետք է ջանքեր գործադրել, որ բոլորը միանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG