Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը քվեարկեց «հանուն իր ծրագրերի»


Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քվեարկեց Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Նա ընտրատեղամաս էր եկել հիվանդանոցից:

Մինչ Հայրիկյանի ժամանելը, գողթեցիներից ոմանք սպասում էին նրան, որպեսզի բարեւեն, ինքնազգացողության մասին հարցնեն:

Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում, առողջությունից այդքան էլ չի բողոքում: Նա ասաց` քվեարկում է «հանուն Պարույր Հայրիկյանի եւ հանուն իր ծրագրերի, երազանքների»:

Խոսելով ընտրությունների երկրորդ փուլի հավանականության մասին` թեկնածուն ասաց. - «Եթե աշխարհում լինում են ոչ ճգնաժամային իրավիճակում խաղաղ, բազմաթեկնածու ընտրություններ, ապա երկրորդ փուլը ժողովրդավարության անհրաժեշտ եւ բավարար պայմանն է: Ֆրանսիայի պես երկրում, որտեղ մի քանի թեկնածուներ կան` որպես կանոն ոչ մի թեկնածու առաջին փուլով չի անցնում: Եթե փուլով անցնում է, նշանակում է` ինչ-որ բան այն չէ»:

«Եթե մեր, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի թեկնածուները միշտ մտածում են, որ դաշտում իրենց տեղը փոխեն: Եթե իրենք իմ առաջարկը ընդունեին, մենք այսօր շատ հստակ կարող էինք խոսել մեկ փուլով ավարտվելու մասին, դա արդեն գիտական վերլուծություն է: Մեկ այլ գիտական վերլուծություն է նաեւ այն, որ որեւէ թեկնածու չի կարող երկրորդ թեկնածուից երկու կամ երեք անգամ ավելի շատ ձայն ունենալ: Եթե այդպիսի բան կա, ուրեմն կամ օգտագործվում են իշխանական լծակներ, կամ ընդհանրապես ժողովրդավարական իրավիճակը այնքան էլ լավ չէ», - հավելեց նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե ընտրակաշառք է բաժանվում, թեկնածուն նշեց, որ իրենք լսել են նման խախտումների մասին, բայց թե դրանք որքանով են փաստական, որքանով են համապատասխանում իրականությանը, ինքը չի կարող այս պահին ասել:

Հայրիկյանը նաեւ խոստացավ, որ եթե դառնա Հայաստանի նախագահ, ապա կպատժի թե ընտրակաշառք տվողներին, թե վերցնողներին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության աշխատանքը ընտրախախտումների հայտնաբերման ուղղությամբ, պատասխանեց, որ իր ընտրվելուց հետո անպայման կպատժեր ոստիկանությանը, որպեսզի կառույցը լավ աշխատեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG