Մատչելիության հղումներ

logo-print

Բագրատյանը քվեարկում է «նոր Հայաստանի» օգտին


Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանում տեղակայված թիվ 148 դպրոցում։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նախագահի թեկնածուն հայտարարեց, որ մտահոգված է ընտրախախտումների, իշխանությունների օգտին ընտրակաշառք բաժանելու մասին բազմաթիվ ահազանգերով։

«Երեկ, երեկ չէ՝ մյուս օրը․․․ նախ ընտրակաշառք բաժանելու մասին մասսայական դեպքեր։ Մենք արդեն գիտենք Ստեփանավանից կոնկրետ ընտանիքներ ազգանուններով։ Այլ քաղաքներից բերում են լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկելու։ Արդեն դառնում են ահազանգերը մասսայական», - մասնավորապես ասաց Հրանտ Բագրատյանը, - «7/27-ում մի նախկին թաղապետարանի բարձրաստիճան աշխատակից լկտիություններ է ցուցաբերել»։

Այդուհանդերձ, Հրանտ Բագրատյանը պարտվելու մասին չի ցանկանում խոսել։ Թեեւ ասաց՝ հիասթափված է, օրեր առաջ ավելի լավատես էր։

Պատասխանելով հետընտրական զարգացումների մասին հարցին, Բագրատյանն ասաց, որ ոչինչ չի բացառում, այդ թվում նաեւ հանրահավաքները։

«Թող ընտրությունները վերջանա՝ ամեն ինչ էլ կփորձենք անել։ Մենք կնայենք հասարակության տրամադրությունը։ Շատ բարդ է խոսել։ Ճիշտն ասած գիշերվանից արդեն դա եմ մտածում։ Հուսով եմ չեն հիասթափեցնի օրվա վերջ։ Հենց հիմա օրինակ Արեշից զանգում են, որտեղ բերվում է երիտասարդությունը մեքենաներով։ Որտեղի՞ց է ճարվում այդ երիտասարդությունը․․․», - ասաց նախագահի թեկնածուն՝ դժգոհելով․ - «Թող արդար ընտրություն լիներ՝ ով հաղթում էր, հաղթեր։ Դա բացարձակապես կարեւոր չէ։ Մի անգամ որ այս ընտրելու համը մտնի բերանները, դա կզգաստացնի նաեւ նրան, ով ընտրվել է։ Ինչպես որ ինքը կարողացել է ընտրվել, այնպես էլ իրեն կարող են գցել»։

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քվեարկում է «նոր Հայաստանի» օգտին․ - «Կարծում եմ, որ այն Հայաստանը, որը մենք ունենք վերջին տարիներին, իրեն սպառել է բոլոր առումներով։ Այն չի կարող զարգանալ, չի կարող առաջ գնալ»։

Շուրջ 1800 տեղամասերից Հրանտ Բագրատյանը վստահված անձինք ունի ավելի քան 1200-ում։

Ինչ վերաբերում է ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներին, ովքեր ներկայացնում են Հայ ազգային կոնգրեսը, ըստ Բագրատյանի նրանց հետ համագործակցությունը մասնակի է․ - «Կեսը, գուցե կեսից ավելին․․․ իսկ մի մասն էլ ընդհանրապես չի եկել։ Շատերը իրենք են եկել, մենք առանձնապես չենք անհանգստացրել Հայ ազգային կոնգրեսին։ Դա այս պահին այլ քաղաքական կառույց է»։
XS
SM
MD
LG