Մատչելիության հղումներ

Արտաշատ քաղաքում տեղակայված թիվ 17/11 ընտրատեղամասում քվեարկության մեկնարկից մոտ երեքեւկես ժամ անց պարզվեց, որ անձնագրի վերջին էջում քվեարկելու փաստը հաստատող կնիքը գրեթե անհետացել է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Յաղվուրյանը եւս հաստատեց, որ իր անձնագրում դրված կնիքը գրեթե անտեսանելի է` քվեարկությունից չորս ժամ անց։

Նույն հանձնաժողովի նախագահ Բաբկեն Հարությունյանը ասաց, որ թանաքանյութը օգտագործելուց առաջ 15 րոպե թափահարել են։ Նա նշեց, որ օգտագործում են այն կնիքը, որը տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ներկայությամբ հանձնաժողովի անդամը եւս մեկ անգամ կնիք դրեց իր անձնագրում` փորձարկելու համար, թե քանի ժամ է այն պահպանվում։

Ընտրական օրենսգրքի պահանջով` կնիքը պետք է ընտրողի անձնագրում պահպանվի առնվազն 12 ժամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջերս հայտնել էր, որ այս անգամ հանձնաժողովը հատուկ թանաքանյութ է գնել մի բրիտանական ընկերությունից` վճարելով ավելի քան 35 հազար դոլար։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG